Ծնվել է ՀՀ Արագած գյուղում: 1954-60թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1961թ. ընդունվել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժին: 1964-66թթ ծառայել է խորհրդային բանակում: 1968թ. ավարտել է ուսումնարանը: 1969թ. սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնում: 1974թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի խեցեգործության բաժին: 1978թ. աշխատել է լսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում: 1982թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Արվեստի յուրաքանչյուր տեսակ նրա մոտ տարբեր շեշտադրումներ է կրել՝ քանդակներում՝ ծավալների ու հարթությունների համամասնության փոխհարաբերության կարևորում, գեղանկարում՝ գունազգացողությունը, իսկ խեցեղենում՝ կենցաղային կիրառականությունից հեռացած բնության ձևերի վերակերպավորումը: Տարբեր են նաև նկարչի ոճական անդրադարձները՝ քսաներորդ դարի մոդեռնիստական ուղղությունների սինթեզից մինչև ազգային ավանդական ժառանգության ձևերի նորահունչ կիրառություն: Հեղինակել է բազմաթիվ եկեղեցական հարթաքանդակներ՝ Փարաքարի եկեղեցու մուտքի բարավորի «Աստվածամայր» հարթաքանդակը, Նորագավթի եկեղեցու դռները «Սբ. Սարգիս» կոմպոզիցիայով, Իջևանի եկեղեցու շքամուտքի դռները, Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու գլխավոր սրահի ձախ պատի «Առավոտ լուսո, արեգակն արդար» փորագրությունը և այլն: 1984թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: 1984թ. և 1989թ. մասնակցել է մերձբալթյան Դզինտրի քաղաքում կազմակերպվող միջազգային խեցեգործական սիմպոզիումին: 1985թ-ից աշխատել է Երևանի գեղագիտական դաստիարակության մանակական կենտրոնում, որի կողմից 1989թ. գործուղվել է Վիլնյուս՝ մանակական արվեստի սիմպոզիում կազմակերպելու համար: 1996թ. մասնակցել է Արցախում անցկացվող քանդակի սիմպոզիումին, 1998-99թթ՝ Պերյասլավ-Զալեսկիյ տեղանքում կայացող ամառային միջազգային մանկական սիմպոզիումին: 2002թ. հիմնադրել և ղեկավարել է «Մունետիկ» մշակութային կազմակերպությունը: 2002-10թթ յուրաքանչյուր ամառ բնության գրկում կազմակերպել է «Հող, ջուր, կրակ և գաղտնիքներ» խորագիրը կրող վրանային խեցեգործական սիմպոզիումներ՝ նախատեսված տարբեր տարիքի ստեղծագործողների համար: Նրա կլոր քանդակի քարե երկու օրինակ տեղադրված են Արցախում, մեկ խաչքարային աշխատանք գտնվում է Եկատերինբուրգ քաղաքում, բազմաթիվ խաչքարեր քանդակված են հայ պատվիրատուների ցանկությամբ: Համահեղինակ է նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում գտնվող մեծադիր հարթաքանդակին: Աշխատանքները գտնվում են անձնական հավաքածուներում՝ Կանադայում, Հունաստանում, Հոլանդիայում, Ռուսաստանում և այլուր: 2009թ-ից եղել է Հայաստանի Հանրային խորհրդի մշակույթի հանձնաժողովի անդամ: Մահացել է Երևանում: