Zark Foundation

Հմայակ Հակոբյան

Հմայակ Հակոբյան

Գեղանկարիչ

26 մարտ, 1871 - 7 հուլիս, 1939

Ծնվել է Տրապիզոնում: 1886-91թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում` Հարություն Շամշինյանի արվեստանոցում, 1891-94թթ` Մյունխենի կայսերական ակադեմիայում: Ապրել և աշխատել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կովկասում (մասնավորապես` Թիֆլիսում): Ստեղծագործել է հիմնականում դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում, ունի նաև թեմատիկ-կոմպոզիցիոն ոչ մեծ կտավներ: Բնանկարներն արտացոլում են գյուղի կյանքը («Վարը Արագածի լանջին», 1910-20թթ, «Հովիվը», 1910-ական թթ և այլն): Վավերագրական են նկարչի քաղաքական տեսարանների պատկերները («Հին Թիֆլիս», 1888թ.): Ստեղծել է հայ գեղջուկների («Հայ գյուղացին», 1917թ.), արհեստավորների («Ոսկերիչ Ալեքոն», 1895-98թթ) կենցաղական մեկնաբանությամբ տիպեր, ինչպես նաև մտավորականների ու պատմական անձանց դիմանկարներ («Մովսես Խորենացի», «Կաթողիկոս Խրիմյան», երկուսն էլ` 1900-10թթ), ինքնանկարներ: Գեղանկարչական բարձր վարպետության է հասել իր նատյուրմորտներում («Բանջարեղեն», «Մրգեր», երկուսն էլ` 1901թ.): Նրա արվեստին բնորոշ են քնարականությունը, կառուցվածքային պարզությունը, հուզականությունը: 1948թ. Երևանում բացվել է նրա հետմահու ցուցահանդեսը: Գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, մասնավոր հավաքածուներում` Թբիլիսիում, Մոսկվայում: Մահացել է Թբիլիսիում: