Zark Foundation

Հովհաննես Բարսեղյան

Հովհաննես Բարսեղյան

Լեզվաբան

25 հոկտեմբեր, 1920 - 2 օգոստոս, 2014

Ծնվել է ՀՀ Մաստարա գյուղում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է Մաստարայի յոթնամյա և Թալինի միջնակարգ դպրոցները: 1938թ ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետ։ 1941թ.` 4-րդ կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ և մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944թ. ավարտել համալսարանը: 1945-48թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1958թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում: 1969-76թթ եղել է ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 1977-85թթ` բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1985-90թթ` հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը։ Աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի ձևաբանության և շարահյուսության հարցերին` «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն» (1953թ.), «Հատուկ անուն» (1964թ.), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները» (1967թ.), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (1980թ.)։ Կազմել է «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարանը» (1973թ.), «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը» (համահեղինակ, հ.1-5, 1986-2001թթ), հայոց լեզվի 5-7-րդ (1965թ-ից) և 4-րդ (1970թ-ից) դասարանների դասագրքեր (համահեղինակ), տերմինաբանական ուղեցույցներ։ 1981թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1982թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981թ.), Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի (1985թ.) շքանշաններով, ՀՀ «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 2003թ.` ՀՀ նախագահի մրցանակին, 2010թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։ Մահացել է Երևանում: