Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է «Արամյան» թատրոնի հիմնադիրն ու ղեկավարը։ Իր թատրոնում բեմադրված պատմական դրամաներում խաղացել է առաջատար դերեր, բայց հիմնականում դրսևորվել է որպես կրկեսային դերասան: Օժտված ֆիզիկական ահռելի ուժով և ճկունությամբ, երիտասարդ հասակից զբաղվել է լարախաղացությամբ։ Աստիճանաբար իր շուրջը համախմբելով կարող ուժեր՝ հիմնել է մի թատրոն-կրկես, որը արագ կերպով իր վրա է հրավիրել մայրաքաղաքի հասարակական լայն խավերի ուշադրությունը։ 1846թ. նրա խումբն ունեցել է հրապարակային առաջին ելույթը։ Քաջալերված հաջողությունից՝ հաջորդ տարի կազմել է Արամյան ընկերությունը, հիմնել փայտաշեն մի թատրոն-կրկես, սկսել կանոնավոր ներկայացումներ, որոնք շարունակվել են մինչև 1849թ.։ 1848թ. աշնանը խումբը հանդիսավոր ներկայացում է կազմակերպել կայսերական ընտանիքից ինչ-որ մեկի հարսանիքի առթիվ։ Ներկա են եղել հարյուր հազարից ավել հանդիսականներ։ 1849թ. Կ.Պոլսում ծագած մի հրդեհ ոչնչացրել է Արամյան թատրոնի շենքը։ Գասպարյանը խումբը բերել է Կովկաս և Թիֆլիսում ունեցել նույնպիսի հաջողություն, վայելելով փոխարքա Վորոնցովի հովանավորությունը։ 1850թ. ամռանը եկել է Երևան և Ցախի մեյդան կոչված հրապարակում կրկնել ծրագիրը։ Երևանից հետո եղել է նաև այլ քաղաքներում և վերադարձել Կ.Պոլիս, որտեղ կառուցել է նոր թատրոն, համալրել խումբը նոր մարդկանցով և մոտ տասնհինգ տարի կանոնավոր գործել։ Մահացել է Կոստանդնուպոլսում: