Zark Foundation

Հովհաննես Դավթյան

Հովհաննես Դավթյան

Թարգմանիչ, լրագրող

13 ապրիլ, 1887 - 19 մայիս, 1985

Ծնվել է Վրաստանի Գորիի գավառի Սուրամ ավանում։ Ութ տարեկանում եղել է կոշկակարի աշակերտ, հետո սովորել է ծխական դպրոցում։ 1907թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և ընդունվել Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտ, որը, սակայն, չի ավարտել։ 60 տարի ուսուցչություն է արել Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ վայրերում։ Նրա երաժշտական ուսուցիչներն են եղել Մակար Եկմալյանը, Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան։ Հայերենից թարգմանել է վրացերեն, վրացերենից՝ հայերեն։ Վրացերեն է թարգմանել Խ.Աբովյանի, Րաֆֆու, Ա.Շիրվանզադեի, Գ.Սունդուկյանի, Ա.Իսահակյանի, Դ.Դեմիրճյանի, Նար-Դոսի, Հ.Թումանյանի, Մուրացանի, Ա.Բակունցի, Հ.Քոչարի, Ս.Խանզադյանի, Հ.Շիրազի, Հ.Սահյանի, Սարմենի, Վ.Անանյանի, Ս.Կուրտիկյանի, Վ.Նորենցի, Ծ.Թորգոմյանի, Բ.Սեյրանյանի, Պ.Սևակի, Հ.Հովհաննիսյանի, Վ.Կարենցի, Մ.Ասլանյանի, Գ.Գրիգի և այլոց բազմաթիվ ստեղծագործություններ։ Ապրել է Թբիլիսիում։ Նրա որդիները՝ Արտաշես Դավթյանը և Հրաչիկը (Արչիլ Դավթյան), նույնպես թարգմանիչներ են եղել, այդ պատճառով Թբիլիսում նրանց անվանել են թարգմանչաց ընտանիք: Վրացերենից թարգմանել է Պանտելեյմոն Չխիկվաձեի «Հարկեր» վեպը 1934թ., «Վրաց գրականության ընտիր էջեր» (մի մասը, 1961թ.), Թ.Պերվելիի «Կրակոց կեսգիշերին» (երգիծական պատմվածքներ և նովելներ, Ս.Ավչյանի հետ, 1977թ.) և այլ գրքեր։ 1934թ-ից եղել է Վրաստանի գրողների միության անդամ: Արժանացել է Վրաստանի վաստակավոր ուսուցչի կոչման։ Մահացել է Թբիլիսիում։