Յուհաննա Էլ-Արմանի
Ծնվել է Կահիրեում: Ստեղծագործել է Եգիպտոսում, հատկապես՝ Կահիրեում, ուր ղպտական եկեղեցիներում և արվեստի թանգարաններում պահպանվել են նկարչի մոտ 320 աշխատանքներ, թվագրված են 1721-84թթ: Նկարիչն ստորագրել է՝ «Յուհաննա», «Հաննա», «Հաննա Էլ-Արմանի Էլ-Քուտսի» (Հաննա հայազգի Երուսաղեմցի), «Հաննա Էլ-Արմանի» (Հաննա հայազգի), նկարներից մեկի տակ՝ «Հաննա Կարապետ» (ենթադրվում է, թե Կարապետը հայրն է), Հին Կահիրեի Սբ. Կույսի եկեղեցում՝ «գործ նվաստ հայ Հովհաննեսի»: Նշանակալից են Սբ. Հովհաննեսի, Սբ. Գևորգի, Հիսուսի կյանքի դրվագները պատկերող նկարները, որոնք կրում են բյուգանդական արվեստի ազդեցությունը, իսկ թեմաների մեկնաբանումով մոտ են հայկական միջնադարյան մանրանկարչությանը: Նրա սրբապատկերներում առկա է գեղանկարչական որոշակի մշակույթ, կառուցվածքային պարզություն: 1740-ական թվականներին որոշ աշխատանքներ կատարել է արաբ նկարիչ Իբրահիմ Էլ Նասիխի հետ միասին («Միքայել հրեշտակապետը», «Քրիստոսը գահի վրա», «Աստվածամայրը»), որոնցում առկա են արևելյան արվեստին բնորոշ հարթապատկերային լուծումներ, ֆիգուրների փոքրաչափ, գրաֆիկական կերպավորումներ: Վերջին շրջանի աշխատանքներին («Սբ. Գևորգ», «Սբ. Մինաս» և այլն) բնորոշ է գեղարվեստական անհատականացումը: Նկարչությամբ է զբաղվել նաև նրա որդին՝ Հովսեփը (Կերգեսը), որի ստորագրված մի քանի աշխատանքները պահպանվում են Կահիրեի ղպտական արվեստի թանգարանում: Մահացել է Կահիրեում: