Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1892-94թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Բեմական գործունեությունն սկսել է 1897թ., Թիֆլիսում, Յոհանի դերով (Ֆ.Կարեևի «Չարագուշակ քայլ»): 1899-1903թթ աշխատել է Հայ դերասանական խմբում: Հյուրախաղերով շրջագայել է Ալեքսանդրապոլում, Շուշիում, Արմավիրում, Մոզդոկում, Աստրախանում և այլուր: Հետագա տարիներին աշխատել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության խմբում, խաղացել մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սարգիս), «Պեպո» (Գիքո, Պեպո), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Կիպար, Օգսեն, Պաղտասար), Ա.Շիրվանզադեի«Պատվի համար» (Օթարյան), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր) և այլն: Այդ և հետագա տարիներին դարձել է 20-րդ դարի հայ խոշորագույն շեքսպիրյան դերասաններից մեկը: Եղել է թատերական գործի կազմակերպիչ: 1909-10թթ Օլգա Մայսուրյանի, Օվի Սևումյանիհետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի քաղաքներում` Կ.Պոլիս, Իզմիր և այլուր: 1911թ. նրա գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազեթում: 1912թ. մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և Պետերբուրգում տված հյուրախաղերին: 1912-15թթ աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում: 1914թ. խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում: 1915թ. Հայոց Մեծ եղեռնից հետո, դերասանի խաղացանկը էական փոփոխություն է կրել: Բեմականացրել ու բեմադրել է Րաֆֆու «Խենթ»-ը, «Դավիթ Բեկ»-ը, «Ջալալեդդին»-ը և այլ վեպեր ու խաղացել գլխավոր դերերում: 1916-20թթ նրա գործունեության հիմնական ասպարեզը դարձել է Հայաստանը` Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս և այլուր: Գործունեություն է ծավալել նաև սփյուռքում: 1920թ., երբ թուրքերը կրկին մտել են Ալեքսանդրապոլ, դերասանը մեկնել է Կ.Պոլիս, ապա` Բուխարեստ: 1921թ. հաստատվել է Նյու Յորքում: ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր: 1923-25թթ ԱՄՆ-ում գործել է Հովհաննես Աբելյանի հետ: 1925-29թթ ելույթներ է ունեցել Ռումինիայում (Կոնստանցա, Բուխարեստ), Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե), Ֆրանսիայում (Մարսել, Փարիզ): 1932-36թթ հանդես է եկել Հարավային Ամերիկայում` Սան Պաուլոյում, Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսում: Մահացել է ԱՄՆ Ուոլըսթոն քաղաքում: