Հովհաննես Տեր-Թադևոսյան
Ծնվել է Երևանում: 1906թ-ից սովորել է Թիֆլիսի գեղեցիկ արվեստները խրախուսող կովկասյան ընկերության դպրոցում, 1909-16թթ` Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարտարապետության ուսումնարանում, 1922-27թթ` Վխուտեմաս-Վխուտեինի (համամիութենական գեղարվեստատեխնիկական արվեստանոցներ) խեցեգործության բաժնում: 1912թ. Մոսկվայում կազմակերպել է անհատական ցուցահանդես: 1914-15թթ ստեղծագործել է Երևանում, 1917-66թթ` Տաշքենդում, 1966-74թթ` Մոսկվայում: Ապրել ու ստեղծագործել է Ուզբեկստանում: 1921թ. Մոսկվայից գործուղվել է Երևան: Եղել է «Սամարղանդի կոմունա» գեղարվեստի դպրոցի և Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումի (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան) հիմնադիրներից, 1922թ.` վարիչը: 1937թ-ից եղել է Մոսկվայում Ուզբեկստանի տաղավարի գլխավոր նկարիչը: Գործերից են` «Կարավանատան ուղտերը», «Հին կրպակներ», «Թիֆլիս» (1911թ.), «Արևոտ մոտիվ (էտյուդ)» (1913թ.), «Թեյարան» (1913թ.), «Ռեգիստանի հրապարակը կեսօրին» (1916թ.), «Սամարղանդի շուկան» (1917թ.), «Արևոտ մոտիվ» (1917թ.), «Փողոց Սամարդանդում», «Մի անկյուն Երևանում», «Երևանի տեսարան», «Սամարղանդ. Աշնանային շուկա» (1947թ.), «Փողոց Աշխաբադում» (էտյուդ), «Ուզբեկուհու կիսադեմ» («Մրգահավաք» գեղանկարի էտյուդ, 1930թ.) և այլն: Պատկերել է նաև ուզբեկ ժողովրդի կենցաղը` «Սեխի շուկա» (1916թ.), «Կարավանատուն», «Մրգի տաղավար» (1929թ.), «Խաղողահավաք» (1937թ.), «Ուզբեկական բակ» (1958թ.): 1966թ. Երևանում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը: Աշխատանքները գտնվում են նախկին Խորհրդային Միության հանրապետությունների բազմաթիվ պետական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչպես նաև մասնավոր պատկերասրահներում ու հավաքածուներում: 1944թ. արժանացել է Ուզբեկստանի ժողովրդական նկարչի կոչման: Եղել է պրոֆեսոր: Մահացել է Մոսկվայում: