Zark Foundation

Հովհաննես Խալփախչյան

Հովհաննես Խալփախչյան

Ճարտարապետ

1 օգոստոս, 1907 - 28 մարտ, 1996

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1917-20թթ սովորել է տեղի արական գիմնազիայում, 1920-23թթ՝ Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում, 1923-25թթ՝ գեղարվեստաարդյունաբերական դպրոցի գիշերային դասընթացներում: 1925թ. տեղափոխվել է Երևան: 1930թ. ավարտել է Երևանի համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: 1927-38թթ աշխատել է Երևանի նախագծային կազմակերպություններում, մինչև 1936թ.՝ Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում: 1933-37թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Նրա նախագծերով Հայաստանում կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր (Երևանում բժշկական ինստիտուտի մասնաշենքերից մեկը, Կիրովականում երաժշտական տասնամյա դպրոցի շենքը և այլն): Գլխավորել է Մոսկվայի ճարտարապետական տեսության և պատմության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ճարտարապետական պատմության բաժինը: 1939թ. մասնակցել է Սամարղանդի ճարտարապետական կոթողների վերականգնման աշխատանքներին: 1940թ. ներգրավվել է Սանահինի վանքի վերականգնման աշխատանքներին: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի համար արժանացել է մի շարք մեդալների: 1946թ-ից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, եղել է ճարտարապետության պատմության ամբիոնի վարիչը: Հետագայում հրավիրվել է ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի (Մոսկվա) ճարտարապետության պատմության և տեսության ինստիտուտ՝ որպես ավագ գիտաշխատող, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջ (պրոֆեսոր): Նրա հիմնական գիտական աշխատությունները նվիրված են հայ ճարտական պատմությանը: Չափագրել է շուրջ 120 հուշարձան, հրապարակել է շուրջ 350 գիտական հետազոտություն: «Ճարտարապետության համընդհանուր պատմություն» բազմահատորյակում (1971թ.) գրել է «Հայաստանի ճարտարապետություն» բաժինը: 1946թ. ստացել է ճարտարապետության թեկնածուի, 1966թ.՝ դոկտորի գիտական աստիճան: Արժանացել է մի շարք պետական պարգևների ու մրցանակների, 1978թ.՝ ՀՀ ԳԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի, 1979թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1985թ.՝ Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Մոսկվայում: