Ծնվել է Երևանում: 1961-68թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1968-88թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի մենակատար` կերտելով բազմաթիվ կերպարներ: 1972-2005թթ զուգահեռաբար աշխատել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, որպես դասական պարի ուսուցիչ: Հետագայում ստեղծագործական ուրույն ձեռագրով դրսևորել է իրեն դասական և հայկական ժողովրդական պարերի համադրության մեջ` իրականացնելով մի շարք պարային բեմադրություններ: Նշանակալի գործունեություն է ծավալել սփյուռքի հայկական գաղթօջախներում` նպաստելով ազգային մշակույթի տարածմանն ու պահպանմանը: 1988թ. աշխատել է Ֆրանսիայում, 1995թ.` Հունաստանում, 1999-2005թթ` Սիրիայում, 2013-17թթ՝ Լիբանանում: Ինչպես Երևանի օպերայի և բալետի թատրոնի, այնպես էլ Հայաստանի երգի-պարի պետական համույթի կազմում ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր համերգասրահներում: 2008-21թթ աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթում որպես գլխավոր բալետմայստեր՝ միաժամանակ իրականացնելով բազմաթիվ պարային բեմադրություններ: 2006թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2008թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության, 2013թ.՝ Երևանի քաղաքապետարանի, 2014թ.` ՀՀ վարչապետի ոսկե մեդալներով: Մահացել է Երևանում: