Zark Foundation

Հովհաննես Ծործորեցի

Հովհաննես Ծործորեցի

Փիլիսոփա, բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

29 հունվար, 1270 - 4 մայիս, 1338

Հովհաննես Երզնկացի
Ծնվել է Մեծ Հայքի Եկեղյաց գավառում, հավանաբար Երզնկայում: Նախնական կրթությունն ստացել է Եկեղյաց գավառի դպրատներում: Գործել է Գլաձորի համալսարանում, դարձել Եսայի Նչեցուգործընկերը: Հետագայում տեղափոխվել է Արտազ՝ Ծործորի վանք (այստեղից էլ՝ Ծործորեցի): Ճանաչվել է որպես գեղագիր-առակագիր-գրիչ, ընդօրինակել է մի շարք իմաստասիրական երկեր: Նպաստել է Հայաստանում կաթոլիկության տարածմանը, մասնակցել Ադանայի 1317թ. միարարական ժողովին, սերտ կապեր պահպանել Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ: 1321թ. թարգմանել է Թովմա Աքվինացու «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» աշխատությունը: Գրել է գիտափիլիսոփայական երկերի առաջաբաններ, մեկնություններ, քարոզներ, թղթեր, բանաստեղծություններ: Որպես հայ ունիթորության ներկայացուցիչ, կրել է Թովմա Աքվինացու ազդեցությունը (սա մասամբ արտահայտվել է գիտության և հավատի սահմանազատման, գիտությունը հավատին ենթարկելու նրա փորձի մեջ): Գոյաբանական հարցերում եղել է իդեալիստ: Սակայն, շարունակելով հայ մտածողների առաջադիմական հայացքները, նա ամեն ինչ համարել է փոփոխելի և հասարակական ու բնական կյանքում դրսևորվող հակադրությունների («ներհակությունների») գոյության ու միասնության արդյունք: Աշխարհը համարել է ճանաչելի: Ըստ նրա, իրականությունը ճանաչվում է երեք ձևով՝ բնազդով, փորձով և բանականությամբ: Իմացությունն ընդհանրացման արդյունք է, որ կատարվում է մակածական և արտածական եղանակով, մասնավորից ընդհանուրը և հակառակն ընթացող գործողությամբ: Առանձնացրել է իմացության տեսական և գործնական մակարդակները: Տեսական իմացության նպատակը, ըստ նրա, ճշմարտության հանգելն է, գործնականինը՝ այն ի կատար ածելը: Քննադատելով հոգու և մարմնի փոխհարաբերության պլատոնյան ըմբռնումը, նա հոգին համարել է բնության մաս, իսկ մարդուն՝ հոգու և մարմնի ներդաշնակ ամբողջություն: Քննարկել ու բնութագրել է հոգու և մարմնի էական հատկանիշները: Գրել է «Համառօտ տեսութիւն քերականի» աշխատությունը, որ ներառում է քերականական, գրական, գրականագիտական հասկացությունների սահմանումներ (միջնադարյան ըմբռնումով): Իր նախորդների թարգմանությունները քննահամեմատական մեթոդով բաղդատել է հույն և լատին բնօրինակների հետ, կատարել պատմաբանասիրական, բնագրային ճշգրտումներ, իմաստասիրական, լեզվական ստուգաբանություններ: Գրական ստեղծագործության ասպարեզում առանձնապես հետևել է Ներսես Շնորհալուն (քննել և շարունակել է Մատթեոսի Ավետարանի՝ նրա կատարած մեկնությունը, վերջինիս օրինակով գրել հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություն): Նրա չափածոն (գանձեր, երգեր, շարականներ, խրատական ոտանավորներ, հանելուկներ) քնարական և պատմողական ստեղծագործություն է՝ գրված ազատ չափ ու հանգով, դյուրըմբռնելի լեզվով: Եղել է նշանավոր մանկավարժ և ուսուցիչ: Նրան աշակերտել են բազմաթիվ «բանասեր անձինք»: Կրթական, ուսուցողական նպատակներով գրել է փիլիսոփայական աշխատություններ, խրատական ոտանավորներ, հանելուկներ: Նրա ընտրությամբ ու պատվերով ընդօրինակվել են գիտական, փիլիսոփայական, քերականական աշխատությունների ժողովածուներ: Հաճախ, քաղվածքներ են արվել նրա իմաստասիրական, գրական գործերից, ասույթներից, ընդօրինակվել են նրա աշխատությունները: Մեծ է նրա մատենագրության ճանաչողական նշանակությունը: Բացահայտելով տարբեր ժողովուրդների անցյալի և ժամանակի փիլիսոփայական, գիտական մտքի մակարդակը, սոցիալ-տնտեսական, եկեղեցական, քաղաքական, դասակարգային հարաբերությունները, նա իր վերաբերմունքն է արտահայտել այս կամ այն երևույթի, տեսակետի կամ մտածողի նկատմամբ: Նրա ձեռագրերը գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Մահացել է Հաղպատում: