Ապրել և գործել է Կամենեց-Պոդոլսկում (այժմ՝ Ուկրաինայում): Իր հոր՝ տեր Հակոբի հանձնարարությամբ գրել է «Պատմութիւն պատերազմին Խոթինու» աշխատությունը: Այն արժեքավոր սկզբնաղբյուր է թուրքական նվաճողների դեմ 1621թ. Խոթին քաղաքի մոտ լեհ-ուկրաինական զորքերի հաղթական ճակատամարտի, զինադադարի կնքման մասին և այլն: Աշխատությունը լրացնում են ճակատամարտի մասին լեհական և այլ լեզուներով գրված սկզբնաղբյուրները: Բաղկացած է առածաբանից, 18 գլխից և հիշատակարաններից: Վերջին գլուխը նվիրված է Օսման 2-րդ սուլթանի սպանությանը Կ.Պոլսում (1622թ.): Երկը գրելիս օգտվել է Օքսենտ Կամենացու հայատառ-ղփչաղերեն «Ժամանակագրությունից» և այլ աղբյուրներից: Մի շարք դեպքերի մասին գրել է իր տեսածների և լսածների հիման վրա: Շարադրել է գրաբար: Ուշ շրջանում կատարված ձեռագիրը, (երրորդ ընդօրինակություն) հայտնաբերվել է 1953թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: