Ծնվել է Հայաստանի Մեղրի գյուղում (այժմ՝ քաղաք): 1958թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում, որտեղ 1972-86թթ եղել է բարբառագիտության բաժնի վարիչը։ Զբաղվել է բարբառագիտության («Կարճևանի բարբառը», 1960թ., «Կաքավաբերդի բարբառը», 1967թ.), լեզվաբանական աշխարհագրության և հայոց լեզվի պատմության հարցերով։ «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1972թ.) խմբային աշխատության «Ներածություն» և «Հնչյունաբանություն» բաժիններում քննել է հարցի պատմությունը, տերմինի («միջին գրական հայերեն») ըմբռնումը, միջին հայերենի բարբառային բաժանվածությունը, անդրադարձել ժամանակահատվածի գրավոր աղբյուրներին, միջին հայերենի ժամանակաշրջանում արձանագրված հնչյունական օրինաչափությունների առաջացման ժամանակագրությանը և տարածական բաշխման հարցերին։ 1982թ. հրատարակվել է նրա «Հայոց լեզվի պատմական քերականություն» աշխատությունը: 1974թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1983թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: