Հովհաննես Ջուղայեցի
Ծնվել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում): 1661թ. ձեռնադրվել է քահանա, 1669թ.՝ վարդապետ: Մերժել է եպիսկոպոս դառնալու տեղի աշխարհիկ իշխանավորների և Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկը և զբաղվել է գիտական-մշակութային գործունեությամբ: Հայերեն ու պարսկերեն զուգահեռաբար գրել է ութ մեծածավալ և այլ աշխատություններ, պարսկերեն և արաբերեն է թարգմանել Ավետարանը և այլ գործեր: Մեծ համբավ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև պարսիկների ու արաբների միջավայրում, ազդել է ինչպես հայկական, այնպես էլ իրանական փիլիսոփայության մտքի զարգացման վրա: Որպես Իրանում գտնվող հայերի գաղափարական առաջնորդ, հաճախ դավանաբանական բանավեճերի մեջ է մտել ինչպես այդ ժամանակ Իրանում գործող կաթոլիկ միսիոներների, այնպես էլ մահմեդական հոգևորականների և նույնիսկ Իրանի շահերի հետ («Գիրք պատմութեան», հայերեն հրտ.՝ 1797թ., աշխատությունը Սուլեյման շահի հետ ունեցած բանավեճի գրառումներն է), հակադրվել նրանց հակահայկական քաղաքականությանը, հայաձուլական և դավանափոխ անելու ձգտումներին: Փիլիսոփայական հայացքներով եղել է իդեալիստ: Որպես աշխարհի սկզբնապատճառ ընդունել է Աստծուն, իսկ աշխարհի ճանաչողությունը, ըստ նրա, սկսվելով զգայությունից, ընթանում է դեպի աստվածային էության իմացությունը: Սակայն Աստծու գոյությունն ապացուցելիս նա հենվում է նախ բնական և բանական փաստերի և ապա միայն Աստվածաշնչի և եկեղեցու հայրերի հեղինակության վրա: Հայ հասարակագիտական մտքի կարևոր նվաճում է լյութերական շարժման՝ նրա տված գնահատականը: Նա լյութերականության մեջ տեսնում էր ազգային ինքնագիտակցության ու ազգային-ազատագրական պայքարի տարր: Վեր է հանել աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների և նրանց վարած քաղաքականության միջև եղած սերտ կապը: Ըստ նրա, նայած աշխարհիկ ինչպիսի ուժ է պաշտպանում այս կամ այն եկեղեցուն, ըստ այդմ դրսևորվում է վերջինիս հանդուրժողական կամ անհանդուրժողական վերաբերմունքը մյուս եկեղեցիների նկատմամբ: Նա հանդես է եկել ֆեոդալական կամայականությունների ու անօրինականությունների քննադատությամբ, առաջ քաշել մարդու իրավունքի անձեռնմխելիության պահանջը: Գտել է, որ ոչ ոք (նաև՝ Աստված) առանց հիմքի ու պատճառի չի կարող և չպետք է խլի մարդուն տրված իրավունքը: Շարունակել է Արիստոտելի, Դավիթ Անհաղթի, Սիմեոն Ջուղայեցու և ուրիշների (նաև պարսիկների և արաբների) տրամաբանական ուսմունքների առաջադիմական գաղափարները: Նա քննարկել է տրամաբանության առարկայի, ուսումնասիրության մեթոդի, մյուս գիտությունների համար նրա ունեցած նշանակության, ինչպես նաև մտահանգումների տեսության հետ կապված մի շարք հարցեր՝ հաճախ առաջադրելով նոր և ուրույն գաղափարներ: Քերականական հարցերի վերլուծման ընթացքում զգալիորեն ելել է Սիմեոն Ջուղայեցու ըմբռնումներից, սակայն առանձին դեպքերում ներմուծել է նոր գաղափարներ, առաջ քաշել նոր հարցադրումներ: Հայտնի է եղել նաև որպես նկարիչ, հատկապես՝ դիմանկարիչ: Ղեկավարել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևավորումը, մասնակցել այդ աշխատանքներին (նրան են վերագրում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդները» նկարաշարերը, իր ինքնանկարը զետեղել է նույն եկեղեցու խորանի աջ կողմի «Չննջող ակն» պատկերի մեջ): Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար («Տաճարի ընծայումը», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» և այլն): Նրա աշխատանքներին բնորոշ են դիմագծերի անհատականացված բնութագրումներ, հոգեբանական շեշտադրումներ, բնանկարի ռեալիստական ըմբռնումներ: Ելնելով նկարչական իր կոնկրետ գործունեությունից՝ զարգացրել է նաև գեղագիտական հետաքրքիր գաղափարներ: Մահացել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում):