Zark Foundation

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազ

Բանաստեղծ

27 ապրիլ, 1914 - 14 մարտ, 1984

Օնիկ Կարապետյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ամուսինը: Հայրը սպանվել է 1920թ., հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա` ջուլհակ: 1925-32թթ սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1937-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1956թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի դասընթացները: 1941-45թթ աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում: 1935թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտ»-ը, որով նա հայտնի է դարձել հայրենիքում ու սփյուռքում։ Առաջին իսկ ժողովածուում դրսևորել է իր անհատականության ցայտուն գծերը՝ հայրենիքի, բնության, սիրո թեմատիկ նախասիրություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, ժողովրդական ոճային աղբյուրների հետ կապված պատկերային ինքնատիպ գույներ, ազգային բանաստեղծական ավանդույթների սուր զգացողություն: «Գարնանամուտին» հաջորդել են նրա «Սիամանթո և Խճեզարե» (1935թ., հետագայում տպագրվել է մի քանի տարբերակ) հայ-քրդական վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.) բանաստեղծությունների ժողովածուն: Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին իր արժանի տեղն է գրավել հայրենիքի անմահության ու փառքի երգիչների շարքում: Պարբերական մամուլում պատերազմի թեմայով տպագրված նրա առաջին քնարական բանաստեղծությունները, որոնք ամփոփվել են «Բանաստեղծի ձայնը» (1942թ.) ժողովածուի մեջ, համակված են հայրենասիրության վառ շնչով ու թշնամու նկատմամբ թունդ ատելությամբ։ 1942թ. լույս է տեսել գրողի «Երգերի գիրք»-ը, իսկ 1946թ.՝ «Լիրիկա» ժողովածուն, որոնք աչքի ընկնող երևույթներ են հայ քնարերգության պատմության մեջ։ Լինելով հուզական ուժգին տարերքի քնարերգու՝ գեղարվեստական լայն ու խոր ընդհանրացումների է հասցրել իր նախասիրած մոտիվները։ Հայրենիքը նա ներկայացրել է իբրե գետերի ու լեռների, ճարտարապետական կոթողների ու բնության, մարդկային երազանքի ու պատմության ամբողջություն («Հայոց հրաշքը. Մեսրոպ Մաշտոց», «Խոսք մեծախորհուրդ պատգամի», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Հայ ժողովրդի երգը», «Անի», «Էքսպրոմտ», «Արձան Աբովյանին» և այլն)։ Հայրենիքի կերպարը գծելիս դիմել է երկրի պատմաաշխարհագրական խորհրդանշաններին (Անի, Մասիս, Սևան, Հրազդան, Զվարթնոց) և պատմական անցյալի նշանավոր դրվագներին (Ավարայրի, Սարդարապատի ճակատամարտեր և այլն)։ 1944թ. գրել է «Բիբլիական» պոեմը՝ դիմելով աշխարհաստեղծման աստվածաշնչյան լեգենդին: Դա պայմանական ձև էր, շարժառիթ՝ արտահայտելու մարդու հզորության և անսահման կարողությունների ժամանակակից հայացքը, որն այնքան կարևոր էր պատերազմի տարիներին։ Բանաստեղծի հայրենասիրական քնարի մեջ գլխավոր շեշտը կրում է հայ ժողովրդի սոցիալիստական վերածնության մոտիվը։ Այս առումով բնորոշ են նրա «Հայ ժողովրդի երգը» (1947թ., «Աչքերիս մեջ գարնան օրեր...») բանաստեղծությունը, «Հրազդան» (1947թ.), «Մեր գյուղերի անունները» (1948թ.) քնարական պոեմները։ Գրողի պոեզիայի կայուն մեծություններից է բնությունը, որի պատկերային շարքերով նա արձագանքում է կյանքին, արտահայտում իր մարդասիրական բաղձանքներն ու աշխարհասիրությունը։ Գարունը նրա ստեղծագործության մեջ կյանքի զարթոնքի, ծաղկման ու ջահելության խորհրդանշան է («Հոգիս արթնացավ հարավի բույրից», «Գարունն արևով ժպտաց ամենքին», «Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս», «Նորից գարուն է, սարերը ելնեմ», «Ձյունը լալիս է, ձմեռը մեռնում», «Իմ երազի մեջ, կանաչ դաշտի մեջ», «Սիրտս ալևոր կաղնու մեջ դրի»)։ Սիրային տաղերում բանաստեղծը դիմել է սիրո զգացմունքի բազում նրբերանգներին՝ կարոտ, երազանք, տրտմություն, մերժում, հաշտություն, ներում և այլն։ Նրա քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը, որոնք ամփոփված են «Հուշարձան մայրիկիս» (1968թ.) ժողովածուի մեջ։ Շարունակելով ազգային բանաստեղծության հարուստ ավանդույթները՝ մոր թեման վերաիմաստավորել է նոր ձևով՝ «մայր» հասկացությունը դնելով աշխարհի հավերժական արժեքների շարքում, այնպես, ինչպես հայրենիքն ու բնությունը («Մայր իմ բարի», «Մայրս՝ մշտավառ գթության կանթեղ», «Անհույս իմ տան հույս ձեռքեր», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել»)։ Գրել է «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը, որը Հայոց ցեղասպանության (1915թ.) մասին է, թեմա, որն արգելված էր Խորհրդային Միությունում: Գլուխգործոց համարվող այս ստեղծագործության առաջին տարբերակը գրվել է 1941թ.: Բանաստեղծի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ են հրատարակվել Խորհրդային Միությունում և մի քանի գլուխներ Բեյրութում (1965թ.) և Թեհրանում։ Պոեմը ամբողջությամբ (ավելի քան 8000 տող) լույս է տեսել 1990թ., Երևանում։ Պոեմում նկարագրել է դարավոր ոսոխի վայրագությունները, հայ ժողովրդի անասելի ողբերգությունը, գաղթը, աքսորը, մահվան ճանապարհը: Նրա գեղարվեստական վաստակի անբաժանելի մասն են կազմում նաև առակները, որոնք զետեղված են «Օձն ու մեղուն» (1953թ.), «Առակս զի՜նչ ցուցանե...» (1978թ.) գրքերում, բազմաթիվ քառյակները («Յոթնապատում», 1977թ.), թարգմանությունները (Մ.Լերմոնտով՝ «Կալաշնիկովի երգը», Ն.Բարաթաշվիլի՝ «Մերանի»)։ 1977թ. «Համամարդկային» խորագրով ժողովածուի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի։ Նրա բանաստեղծություններն ու պոեմները թարգմանվել են աշխարհի ավելի քան 40 լեզուներով։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանում, ՀՀ այլ վայրերում նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ: 2002թ. Գյումրիում բացվել է Շիրազի տուն-թանգարանը, Երևանում (2005թ.) և Գյումրիում (2007թ.) կանգնեցվել են հուշարձանները: Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ: