Zark Foundation

Հովհաննես Չամուռճյան

Հովհաննես Չամուռճյան

Հրապարակախոս, բանասեր, թարգմանիչ

7 օգոստոս, 1801 - 24 հունիս, 1888

Տէրոյենց Պատուելի, Պրուսացի, Տեր-Կարապետյան
Ծնվել է Բուրսա քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, 1817-19թթ սովորել է Արմաշի վանքում։ Տիրապետել է 12 հին ու նոր լեզուների։ 1819թ-ից դասավանդել է Բուրսայում, զբաղվել թարգմանական աշխատանքով։ 1830թ. տեղափոխվել է Կ.Պոլիս։ 1838-49թթ (որոշ ընդմիջումով) դասախոսել է Սկյուտարի ճեմարանում, եղել նրա տնօրենը։ 1841-46թթ գրաբարից աշխարհաբարի է վերածել մի շարք գրքեր։ 1846թ. հիմնել և խմբագրել է պատրիարքարանի առաջին պարբերաթերթը՝ «Հայաստան»-ը (մինչև 1848թ.՝ Մ.Աղաթոնի հետ, 1850-52թթ՝ մենակ)։ 1855-56թթ լույս է ընծայել «Զոհալ» հայատառ թուրքերեն հանդեսը․ 1857թ-ից այն թարգմանաբար վերանվանվել է «Երևակ» և տպագրվել հայերենով։ Հանդեսը հիմնականում արծարծել է հոգևոր-կրոնական բնույթի հարցեր։ Լինելով կղերաամիրայական պահպանողական հոսանքի պարագլուխը՝ հանդես է եկել որպես հայ իրականության մեջ ազատասիրական արտահայտությունների մոլեռանդ թշնամի, այդ դիրքերից էլ գործուն մասնակցություն է ունեցել Երուսաղեմի պատրիարքական ընտրությունների առթիվ ծավալված «Ներսեն-Դուրսեն» հայտնի պայքարին։ Հակամարտության մեջ է եղել սահմանադրական շարժման կողմնակիցների, մասնավորապես՝ «Մեղու»-ի շուրջը համախմբված հայ գործիչների և Միքայել Նալբանդյանի հետ։ Ամբաստանագրի կշիռ ունեցող նրա հոդվածներին պատասխանել է Միքայել Նալբանդյանը «Երկու տող» պամֆլետում։ Պայքարել է նաև բողոքականության դեմ, միջամտել հայ-հռոմեական եկեղեցիների դավանաբանական տարբերությունների քննարկումներին։ Նրա հայտնած այն կարծիքը, թե հայոց և հռոմեական եկեղեցիների տարբերությունները հիմնական չեն, այլ՝ «ծիսական և բառական», հիմք են ծառայել երկար տարիներ նրան համարելու կաթոլիկության պաշտպան։ Հռոմի և հայ լուսավորչական եկեղեցիների տարբերությանն է նվիրված նրա «Իրավախոհ» (հ.1-3, 1866-72թթ) աշխատությունը։ 1878թ-ից հեռացել է հրապարակախոսական գործունեությունից, գրել եկեղեցական ընդհանուր պատմություն, որի 30 հատորների ձեռագիրը պահվում է Երուսաղեմի մատենադարանում։ Թարգմանել է վեպեր, Ժան Ժակ Ռուսսոյի «Հասարակական դաշինք»-ը, գրել հայերենի քերականության դասագիրք, կրոնաբարոյախոսական բազմաթիվ աշխատություններ (բոլորն էլ կատարյալ աշխարհաբարով)։ Նրա գրական-փիլիսոփայական ժառանգությունը դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրված։ Մահացել է Կոստանդնուպոլսում: