Zark Foundation

Հովհաննես Չեքիջյան

Հովհաննես Չեքիջյան

Դիրիժոր

Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 23-ին, Ստամբուլում: 5 տարեկանից նվագել է դաշնամուր: Սովորել է ծննդավայրի Մխիթարյան և ֆրանսիական Սեն Միշել վարժարաններում, 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961թ.` ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում (Ժ.Ֆուռնեի դիրիժորական դասարան): Ստացել է նաև տեխնիկական կրթություն (քիմիկոս ինժեներ): 1944-51թթ ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» և բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր: 1947թ եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1957-61թթ` իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958-61թթ` օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: 1961թ. տեղափոխվել է Երևան և նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1962թ. դիրիժորի ղեկավարությամբ Երևանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երևույթ: 1982-87թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: 1975թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Դասական և ժամանակակից խմբերգային արվեստի քաջագիտակ լինելով, ի հայտ է բերել ինքնատիպ գեղարվեստական մտածողություն, նուրբ երաժշտականություն, արտիստիզմ, կատարողական բարձր վարպետություն: Նրա ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբը ստեղծել է բազմազան ու հարուստ երկացանկ` ավելի քան 800 ստեղծագործություն` հայ և օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործություններից, հանդես է եկել ավելի քան 4 հազար համերգներով, ստացել ակադեմիական (1969թ.), վաստակավոր (1975թ.) կոչումներ: Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր (ԽՍՀՄ պետական հեռուստառադիո, Մոսկվայի Մեծ թատրոն, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոններ և այլն): Հեղինակ է մի շարք վոկալ-սիմֆոնիկ երկեր («Գարնանային անուրջներ», «Ազատության ղողանջներ», «Հանդիսավոր ձոն») և բազմաթիվ երգչախմբային մշակումներ: Հեղինակել է նաև վոկալ-սիմֆոնիկ երկեր: Եղել է Հայաստանի 9-րդ, ԽՍՀՄ 10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Էկոլոգիական (2001թ.), Մոնրեալի տեղեկատվական (2008թ.), Բնության և հասարակության (2009թ.) միջազգային ակադեմիաների անդամ է: 1970թ. արժանացել է ՀՀ, 1975թ.` ԽՍՀՄ Պետական մրցանակի, 1980թ.` ԽՍՀՄ «Ժողովուրդների բարեկամություն», 1992թ.` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Մեսրոպ Մաշտոց», 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի», 1999թ.` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների, 2009թ.` Համաշխարհային հայկական կոնգրեսի «Ոսկե խաչ», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանների: 1967թ. արժանացել է Հայաստանի, 1978թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի և «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման: