Zark Foundation

Հովհաննես Քռնեցի

Հովհաննես Քռնեցի

Թարգմանիչ, լեզվաբան, եկեղեցական գործիչ

2 օգոստոս, 1290 - 6 հունվար, 1347

Ծնվել է Քռնայում (Արևելյան Հայաստանի Երնջակի գավառում, այժմ՝ Ադրբեջանում): Եղել է ունիթորության տեսաբան և պարագլուխ: Ավարտել է Գլաձորի համալսարանը, աշակերտել Եսայի Նչեցուն: Վերջինիս հանձնարարությամբ մեկնել է Մարաղա՝ հետամուտ լինելու նշանավոր աստվածաբան Բարդուղիմեոս եպիսկոպոսի վարդապետությանը: 1330թ. կաթոլիկ եկեղեցու հայրերի կողմից պաշտոնապես նշանակվել է Երնջակի դոմինիկյանների առաջնորդ՝ դառնալով հայ քարոզող եղբայրների տեսաբանն ու ղեկավարը: Լատիներենից հայերեն է թարգմանել ծիսական ու իմաստասիրական մի շարք գրքեր, այդ թվում՝ Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումարի» առանձին բաժիններ: Նրա ինքնուրույն գործերից մեզ են հասել «Առ միաբանեալ եղբայրքս Հայոց» շրջաբերական թուղթը, որտեղ տրված է Երնջակում միարարական (ունիթոռական) կենտրոն հիմնելու և կաթոլիկ եկեղեցու հետ միաբանելու պատմությունը, և «Համառօտ հաւաքումն յաղագս քերականին» (հրտ.՝ 1977թ.) աշխատությունը, որը նորություն էր հայ քերականագիտության մեջ: Չի հետևել Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արուեստի» նախորդ հայ մեկնիչներին, այլ տվել է հայերենի ամբողջական նկարագիրը՝ առավելապես հիմնված լատիներեն քերականական ավանդների վրա: Խոսքի մեջ բառերի կապակցությունների կառուցվածքի ուսմունքը առաջին անգամ քննված է այս երկում, որը կարելի է համարել հայերենի շարահյուսության առաջին համակարգված դասընթացը: Այն երկար ժամանակ ծառայել է իբրև ուսումնական ձեռնարկ և զգալի ազդեցություն թողել լատինաբան քերականների վրա: Մահացել է Քռնայում: