Ապրել և ստեղծագործել է 15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին՝ Վասպուրականում: Հոր անունը եղել է Ավագ, մորը՝ Մեհրիաթ: Եղել է մշակութային և կրթական գործիչ, գրիչ, ծաղկող, բանաստեղծ, 1533թ-ից՝ վարդապետ։ Եղել է նաև Աղթամարի նկարչական դպրոցի հիմնադիրը, ուսուցիչ։ Գրչության և մանրանկարչության արվեստն ուսանել է Արգելանի վանքում՝ Տեր Կարապետ Բերկրեցումոտ։ Ապրել և գործել է Աղթամարի վանքում, նաև՝ Լիմում, որտեղ նկարազարդել ու ընդօրինակել է գրչագիր ավետարաններ, տոնացույց, շարակնոց, մաշտոց։ Նրան տաղեր են նվիրել Գրիգորիս Աղթամարցին և Զաքարիա Գնունեցին։ Վերջինիս նրան աջակցել է Պղնձե քաղաքի պատմությունը կաֆաներով հարստացնելու գործում։ Նրանից հայտնի են «Երկու վնաս կա ահագին» (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) ու «Խրատ գրքերը լաւ պահելուն» բանաստեղծությունները և «Գերի Ադամայ որդի» սկսվածքով կաֆան (Վիեննայի մատենադարան)։ Նրա արվեստում նկատելի է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի «դասական» շրջանի ինչպես ոճական, այնպես էլ պատկերագրական սկզբունքների վերասերումը: Սակայն շնորհալի մանրանկարչի մոտ ավանդականի կորուստը փոխհատուցվում է ջրաներկային թեթևությամբ արված մեղմ, նրբագեղ գույների առինքնող խաղով, որոնք, թվում է, մերձենում են երփներանգային գեղանկարչությանը: Զուսպ և հակիրճ է պատկերագրական շարքը: Գրչի 1512թ. գրած երկու հիշատակարաններով Մ.Պոտուրյանը ճշտել է Գրիգորիս Աղթամարցու կաթողիկոս դառնալու տարեթիվը (1512թ.)։ Աղթամարցու աշակերտներից են Մարգարե Արճիշեցին ու Սարգիս գրիչը։