Zark Foundation

Հովսեփ Արցախեցի

Հովսեփ Արցախեցի

Փիլիսոփա, եկեղեցական գործիչ

18-19-րդ դար

Հովսեփ Տեր-Ավագյան
Ծնվել է Շուշիում: Եղել է Շուշիի, Գանձասարի թեմերի վարդապետ, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է մայրենի լեզու, աստվածաբանություն, տրամաբանություն։ Հրատարակել է «Համառօտ բառգիրք ի գրաբառէ յաշխարհաբառն» (1830թ.) և «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն» (1840թ.)։ Հայ իրականության մեջ տրամաբանության սինթետիկ ըմբռնման նախակարապետներից է: Հետևելով ֆրանսիացի փիլիսոփա, բարոյագետ և աստվածաբան Անտոն Կովդնին (վերջինիս օրինակով և նրա «Տրամաբանության» համառոտագրությամբ գրել է «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի տրամաբանութիւն...» աշխատությունը, հրտ.՝ 1840թ.), փորձել է մշակել այնպիսի տրամաբանություն, որը համատեղեր ավանդական տրամաբանության երկու ըմբռնումները՝ ինդուկտիվն ու դեդուկտիվը, վերացներ դրանց միջև գոյություն ունեցող հակասությունը: Ըստ այդ մտահղացման, տրամաբանությունը պետք է զբաղվեր և՛ մեթոդական, և՛ ապացուցական խնդիրներով: Որպես մեթոդական գիտություն, այն պետք է քննարկեր ճշմարտությունը ձեռք բերելու պայմանները, այսինքն՝ թե ինչպես են կազմավորվում իմացության նախադրյալները, և որոնք են դրանց ակնհայտության պայմանները, իսկ որպես ապացուցման մասին ուսմունք՝ թե ինչպես են հայտնի ճշմարտությունները հավաստաբանվում ուրիշներին: Ելնելով տրամաբանության գիտության նման ըմբռնումից՝ նա քննել է գիտական իմացության և ձևական տրամաբանության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնք հետագայում զարգացրել են Գ.Փեշտմալճյանը, Ա.Գուրգենյանը, Ն.Ռուսինյանը, Պ.Էմմանուելյանը, Գ.Աշըգյանը, Է.Սիրունյանը: