Zark Foundation

Հովսեփ Ճանիկյան

Հովսեփ Ճանիկյան

Բանահավաք, ազգագրագետ

12 հուլիս, 1840 - 14 փետրվար, 1902

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի վիլայեթի Ակն գյուղում: 1847թ. տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև ծննդավայրում զբաղվել է մանկավարժությամբ ու բանահավաքությամբ։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երկարամյա հավաքչական գործունեության արդյունք է 1895թ. լույս տեսած «Հնությունք Ակնա» ժողովածուն, որը հարուստ նյութ է պարունակում Ակնա ազգագրության (գաղթականության պատմություն, տեղագրություն, վիճակագրություն, տնտեսական և հասարակական կենցաղ, սովորույթներ, հավատք), բանահյուսության (երգ, առած-ասացվածք, զրույց) և բարբառի վերաբերյալ։ Ժողովածուին կցված է Կոմիտասի ձայնագրած և հայկական ձայնանիշերով նոտագրած Ակնա 25 ժողովրդական երգ (օրոր, անտունի, հարսանեկան, համբարձման, պանդխտության, թաղման մեղեդիներ ու պարեղանակներ); Հրատարակել է նաև «Դժոխք» (1897թ., 1900թ.) խորագրով երկհատոր մի գիրք, որտեղ Միլտոնի «Դրախտ կորուսյալ»-ի և Դանթեի «Դժոխք»-ի հետևությամբ իրապատում և բանահյուսական խառը դրվագներով այլաբանորեն ներկայացրել է հայ ժողովրդի կյանքը, արտահայտել բարոյախոսական գաղափարներ։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):