Zark Foundation

Հորովել անսամբլ

Հորովել անսամբլ

Ժողովրդական համույթ

Ստեղծվել է 1958թ. Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Ղուկաս Ղուկասյանի անվան թիվ 1 մշակույթի տան վոկալ-պարային ստուդիայի հիմքի վրա: Ստեղծման օրվանից կոլեկտիվը համերգային շրջագայություններով հանդես է եկել ոչ միայն հանրապետության բազմաթիվ շրջաններում ու քաղաքներում, այլև Սիբիրում, Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի քաղաքներում, նախկին ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում, մասնակցել բազում միջազգային և հանրապետական փառատոների՝ ամենուր արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը և խրախուսանքին: 1967թ. Լեհաստանում արժանացել է ոսկե մեդալի, 1968թ. Բեռլինում` առաջին կարգի մրցանակի, իսկ Քիշնևում` հանրապետական փառատոնի դիպլոմի: 1969թ. Մոսկվայի Կրեմլի դահլիճում անցկացվող Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված կառավարական համերգի ժամանակ անսամբլը պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով: 1972թ. հունիսի 1-ին համույթն անվանակոչվել է «Հորովել» ժողովրդական երգի-պարի անսամբլ: Հետագա տարիներին անսամբլն իր մասնակցությունն է բերել Ֆրանսիայում (1975թ., 1980թ., 1981թ., 2006թ.), Իտալիայում (1998թ.), Իրաքում (2002թ.), Հունաստանում (2003թ.), Բաթումիում (2011թ.) կայացած միջազգային փառատոներին: 1972-74թթ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է եղել Վաղարշակ Կոտոյանը, 1974-90թթ՝ Լ.Սարգսյանը, 1990-94թթ՝ Ստեփան Ռոստունին, 1994-97թթ՝ Էլմիրա Կռոյանը, 1997-2013թթ՝ Գագիկ Անանյանը, 1972-2006թթ գլխավոր բալետմայստերն է եղել Խաչիկ Մարգարյանը։ 2006թ-ից անսամբլի գլխավոր բալետմայստերն է Արայիկ Գևորգյանը, գործիքային մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը, իսկ 2013թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Ներսիսյանը: