Ֆելիքս Եղիազարյան
Ծնվել է 1967թ. հունիսի 24-ին, ՀՀ Արտաշատի շրջանի Մրգավետ գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985թ. «Ավանգարդ» թերթում։ Նույն թվականին նրա բանաստեղծությունները դպրոցականների հանրապետական օլիմպիադայում արժանացել են հաղթողի գովասանագրի։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 2001թ-ից Հայաստաանի գրողների միության անդամ է: Աշխատել է «Գարուն» ամսագրում և «Գրական թերթ»-ում, Հայաստանի հանրային ռադիոյում վարել է «Գրական հանդիպում» հեղինակային հաղորդաշարը։ Բանաստեղծությունների առաջին գիրքը` «Մարդու որդիները», որ անկախության շարժումն ու արցախյան ազատամարտն է ամփոփում, տպագրել է 1996թ., երկրորդ գիրքը` «Լուսանցքի մարդիկ», որ ընկճված քաղաքն է պատերազմից հետո, տպագրել է 2003թ., բանաստեղծություների երրրոդ գիրքը` «Սևագրություններ» վերնագրով, տպագրել է 2004թ., որի համար 2005թ. արժանացել է Երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն բանաստեղծ» մրցանակին: 2010թ. տպագրել է էսսեների և ակնարկների գիրքը` «Անիծվածները», որի համար Հայաստանի գրողների միության կողմից արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Իսկ 2011թ. «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակի, որ տրվում է անտիպ գեղարվեստական արձակին: 2012թ. հանդես է եկել երկու գրքով` «Աստծու հետ խոսելու ժամանակը» (բանաստեղծական ժողովածու), «Միայնակ շան լուսնահաչը» (արձակ): 2013թ. հեղինակել է «Ազատության հրապարակ» բանաստեղծությունների ժողովածուն: 2008թ. արժանացել է Պարույր Սևակի, 2012թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա մրցանակների։