Հրանդ Ասատուրյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է գրող Սիպիլիամուսինը: Սովորել է տեղի Մեզպուրյան վարժարանում: 1873թ. ավարտել է Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջը, 1884թ.՝ Փարիզի իրավաբանական վարժարանը։ Կ.Պոլսում աշխատել է որպես իրավաբան։ Գրչակիցների հետ 1876թ. վերջերին հիմնադրել է «Հայ գրական ընկերաթյուն»-ը, 1879թ.՝ «Կիլիկյան ընկերություն»-ը։ 1881թ. մեկնել է Փարիզ, այնտեղից աշխատակցել «Մասիս» պարբերականին։ 1884թ. վերադարձել է Կ.Պոլիս, Արաքս ստորագրությամբ «Արևելք» օրաթերթում հրատարակել իր փարիզյան տպավորությունները «Կյանքը ի Ֆրանսիա» խորագրով։ 1892թ. Գրիգոր Զոհրապի հետ խմբագրել է «Մասիս» գրական հանդեսը։ 1898-1908թթ պաշտոնավարել է Կ.Պոլսի Կենտրոնական վարժարանում որպես գրականության և աշխարհաբար լեզվի դասատու։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1879թ. «Պատանեկան ներշնչումներ» խորագրով։ Նույն թվականին առանձին գրքով լույս է տեսել նրա «Սահմանադրություն և հայ ժողովուրդը» գրքույկը։ Հիմնականում զբաղվել է գրական քննադատությամբ։ «Դիմաստվերներ» (1921թ.) գրքում ներկայացրել է Ս.Տյուսաբի, Գ.Օտյանի, Հ.Պարոնյանի, Մ.Մամուրյանի, Գ.Չիլինկիրյանի, հայ այլ գործիչների կյանքի ու գործունեության քննադատական ուրվագիծը։ Կյանքի վերջին տասնամյակում զբաղվել է արևմտահայ թատրոնի պատմությամբ, գրել է այդ պատմության առաջին շրջանին վերաբերող մի քանի ուշագրավ հոդվածներ, որոնք լույս են տեսել Ազգային հիվանդանոցի «Ընդարձակ տարեցույցներում» (1925թ., 1926թ., 1927թ.)։ Իր կնոջ աշխատակցությամբ կազմել է հայոց լեզվի և գրականության դասագրքեր՝ «Աշխարհաբարի գործնական քերականությունը» և «Թանգարան» (1929թ., տարրական, միջին և բարձրագույն դասընթաց), որոնք արժանացել են մի քանի տպագրության։ Մահացել է Կոստանդնուպոլսում։