Zark Foundation

Հրանտ Գալիկյան

Հրանտ Գալիկյան

Իրավագետ, հրապարակախոս

5 մարտ, 1889 - 18 մայիս, 1938

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի քաղաքում: 1908-12թթ սովորել է Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այստեղ նա որոշ ժամանակ արևմտահայ գրող և հասարակական գործիչ, օրենսգետ-իրավաբան Գրիգոր Զոհրապի հետ և նրա ղեկավարությամբ մասնակցել է դատական մի շարք բարդ գործերի քննության, ձեռք բերել իրավաբանական փորձ և հմտություն: Այնուհետև Վանում և Կովկասում աշխատել է որպես իրավագետ-խորհրդական և միաժամանակ աչքի ընկել որպես հմուտ լրագրող: 1908-22թթ եղել է Հնչակյան կուսակցության անդամ: 1915թ. եղել է Վանի ինքնապաշտպանությունը ղեկավարող զինվորական մարմնի անդամներից: 1919թ. վերադարձել է Կ.Պոլիս և աշխատել որպես «Երկիր» օրաթերթի խմբագիր: 1922թ. տեղափոխվել է Խորհրդային Հայաստան և արդարադատության մարմիններում վարել մի շարք պատասխանատու պաշտոններ: 1922-23թթ եղել է արդարադատության ժողկոմատի դատական բարձրագույն վերահսկողության բաժնի վարիչը, 1923-25թթ՝ գլխավոր դատարանի անդամ և նախագահի տեղակալը, 1926-30թթ՝ գերագույն դատարանի քաղաքացիական վճռաբեկ կոլեգիայի նախագահը և նախագահի տեղակալը, այնուհետև` ՀԽՍՀ դատախազի տեղակալը` քաղաքացիական գործերի գծով: 1924թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավատնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև նշանակվել է համալսարանի տնտեսական իրավունքի ամբիոնի վարիչ և վարել քաղաքացիական իրավունքի, տնտեսական իրավունքի դասընթացները: 1934-36թթ եղել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը (1936թ-ից՝ պրոֆեսոր): Թողել է իրավագիտական մի շարք աշխատություններ՝ «Պրոլետարիատի դիկտատուրան և խորհրդային դատարանը» (1924թ.), «Կանանց աշխատանքի պաշտպանությունը» (1930թ.), «Ժառանգական իրավունքի մասին» (1931թ.), «Ամուսնության և ընտանիքի իրավունք» (1933թ.), «Սովետական դատարանը» (1936թ.) և այլ գործեր: 1937թ., Ստալինի ցուցումով, նրան ձերբակալել են և մեղադրանք են առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար, որից հետո գնդակահարել են՝ որպես «ժողովրդի թշնամի»: Հետմահու արդարացվել է: