Ծնվել է Թուրքիայի Պարտիզակ հայաբնակ ավանում (Իզմիթի մոտ)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ներսես-Շուշանյան վարժարանում, ավարտել Կ.Պոլսի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1913-24թթ եղել է ուսուցիչ-տնօրեն Ռոդոսթոյի և Կ.Պոլսի ազգային վարժարաններում, 1925-63թթ դասավանդել Պեզազյան և Մխիթարյան դպրոցներում, Կեդրոնական վարժարանում։ 1963-72թթ եղել է Կեդրոնականի տնօրենը։ Միաժամանակ դասախոսել ու գիտական աշխատանք է կատարել Կ.Պոլսի համալսարանում, զբաղվել թուրքական պատմագրության հետ առնչվող հայկական աղբյուրներով («Պատմության վերաբերյալ հայկական աղբյուրներ», 1950թ., «Ջալալիների ապստամբությունները ըստ հայկական մի աղբյուրի», 1963թ., «ԺԴ և ԺԵ դդ թուրք պատմության վերաբերյալ հայերեն մանր ժամանակագրություններ և հիշատակարաններ», 1973թ. և այլն, գրվել են թուրքերեն)։ Նրա թուրքերեն թարգմանությամբ, ծանոթագրությամբ ու մեկնաբանություններով լույս են տեսել Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի «Պատմութիւն Ստամպօլայ»-ը (1952թ.), Ղուկաս Ինճիճյանի «Ստամպօլ»-ը (2 հրտ., 1976թ.), Գրիգոր Ակներցու «Պատմութիւն ազգին նետողաց»-ը (1954թ.), Սիմեոն Լեհացու «Ուղեգրութիւն, տարեգրութիւն և հիշատակարանք»-ը (1964թ.), Գ.Օղուլլուխյանի «Ժամանակագրութիւն»-ը (1972թ.), Պետրոս դի Սարգիս Գիլանենցի «Ժամանակագրութիւն Նադիր Շահի»-ն (1974թ.) և այլն։ Կ.Պոլսի 1924-78թթ հայ մամուլում տպագրվել են նրա հոդվածներն ու ելույթները՝ հայ գրական-մշակութային հարցերի մասին։ Կատարել է ֆրանսերենից ու անգլերենից հայերեն թարգմանություններ, թարգմանել է նաև Ի.Տուրգենևի և Ա.Չեխովի գործերից։ Մահացել է Ստամբուլում: