Zark Foundation

Հրաչիկ Սիմոնյան

Հրաչիկ Սիմոնյան

Պատմաբան

9 դեկտեմբեր, 1928 - 30 հունվար, 2016

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում: 1952թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում՝ որպես գրական աշխատող, այնուհետև գործուղվել է Գորիս՝ որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար: 1953թ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում նախ՝ որպես հրահանգիչ, ապա՝ բաժնի վարիչ, 1957-59թթ` գաղափարական գծով քարտուղար: 1959-62թթ սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում: 1962թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և այնտեղ հրատարակել իր առաջին գիտական աշխատությունը՝ «Перевооружение промышленности Армянской ССР в послевоенный период (1945-50թթ)»: 1969թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան: 1962-66թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1966-77թթ` ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար, բաժնի վարիչի առաջին տեղակալը, 1977-90թթ` նշված ինստիտուտի տնօրենը, 1990-91թթ` ՀՀ ԳԱԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-94թթ` սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահը: 1986թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 10 տարի անց՝ իսկական անդամ: Եղել է նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահը, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1977-90թթ ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը: 1964թ-ից դասավանդել է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում (1973թ-ից՝ պրոֆեսոր): 1994-2007թթ եղել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդականը, միաժամանակ 1999-2003թթ՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը: Տարբեր տարիների եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: 2008թ-ից ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը: Հեղինակել է ավելի քան 20 մենագրություն և շուրջ 400 գիտական հոդվածներ: Առանձնապես կարևոր են՝ «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (1968թ.), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (1982թ.), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (1986թ.), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (1991թ.), «Անդրանիկի ժամանակը» (2 գիրք, 1996թ.), «Ազատագրական պայքարի ուղիներում» (5 գիրք, 2003-13թթ), «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (2009թ.), «1912-13թթ Բալկանյան պատերազմները և հայերը» (2014թ.), «Ադրբեջանցիների պատմության «հերոսական» էջերից մեկը լուսանկարներում» (2014թ.), «Ինչպես եղել է /հուշեր/» (2016թ.): Գրողի մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում, Ճապոնիայում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ: Զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում, Բաքվում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում: