Ծնվել է 1966թ. մարտի 26-ին, Երևանում: Պարուհի, պարուսույց Անահիտ Բադալյանի ամուսինն է: 1983թ. ավարտել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցը: 1995-99թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում որպես երաժշտական թատրոնի դերասան: 1972-83թթ պարել է Երևանի «Կանազ» ժողովրդական պարի անսամբլում, 1984-87թթ՝ Հայաստանի պարի պետական անսամբլում: 1987թ. ընդունվել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ, եղել է հիմնադիր կազմում, որտեղ մինչև 2016թ. եղել է նախ բարձր կարգի պարող-մենակատար, ապա՝ փորձավար, գեղարվեստական ղեկավարի օգնական: Հանդես է եկել ավելի քան 500 պարային համերգներով, 100 և ավելի պարային համարներում և բեմադրություններում: Հյուրախաղերով եղել է աշխարհի ավելի քան 30 երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Նիդերլանդներ, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Իսրայել, ԱՄԷ, Լիբանան, Սիրիա, Իրան, Չինաստան, Հնդկաստան, Կոլումբիա, Ավստրալիա, Շրի Լանկա, Մալդիվներ, Ռուսաստան և այլն: 1995-96թթ մասնակցել է «Բարեկամություն» պետական անսամբլի վերակազմավորմանն ու վերականգնմանը: 1998-99թթ աշխատել է Լոս Անջելեսի «Անի» պարախմբում որպես մենակատար-պարուսույց, 2003-17թթ՝ Սիդնեյի «ASDC», «Սևան», «Նաիրի» պարախմբերում որպես գեղարվեստական ղեկավար: 2001թ. հանդես է եկել Տրդատ Երրորդի գլխավոր դերով հայկական առաջին «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերայում, իսկ «Լիլիթ» փոփ-օպերայում՝ Ադամի գլխավոր դերակատարմամբ: 2003թ. Սիդնեյում եղել է Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված գալա-համերգի ռեժիսորն ու պարերի բեմադրիչը: 2005-08թթ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում որպես համերգահյուրախաղային մասի գլխավոր մասնագետ, փոխտնօրեն: 2008թ. եղել է «Ժողովրդական պարեր» հեռուստանախագծի հաղորդավարը, 2009թ. Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմականացման շրջանակներում՝ Յուրի Գրիգորովիչի ասիստենտը, 2010-22թթ՝ «Նոր շունչ» համահայկական բազմաոճ պարային մրցույթի ժյուրիի անդամ, 2011թ.՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի պարային մրցույթի ժյուրիի նախագահը, 2012թ.՝ «Պարահանդես» հեռուստանախագծի ժյուրիի անդամ, 2015թ.՝ Սիդնեյում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ-ներկայացման ռեժիսորն ու պարերի բեմադրիչը, 2022թ.՝ Սանկտ Պետերբուրգի «Colors of Armenian dance» հայկական միջազգային օլիմպիադայի պարային մրցույթի ժյուրիի անդամ: 2018թ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունում: 2018-23թթ եղել է Երևանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրենը: 2005թ. արժանացել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրի, 2012թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2014թ.՝ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալի, 2016թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: