Ծնվել է Շուշիում: 1900թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը: 1900-24թթ աշխատել է Թիֆլիսում, 1924-50թթ` Լենինականում: 1902-21թթ եղել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության անդամ: 1905թ. ճամփորդել է Եվրոպայում, ծանոթացել շինարարական նորույթներին, մետաղի, բետոնի կիրառմանը, մոդեռն ոճի կառույցներին: 1919-23թթ եղել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտորը և ճարտարապետության պրոֆեսոր: Նրա նախագծերով կառուցվել են 100-ից ավելի բնակելի, հասարակական, արդյունաբերական շենքեր Թիֆլիսում և Լենինականում: 1902թ. շահել է Թիֆլիսում հայտարաված Կ.Հ.Զուբալովի ժողովրդական տան (թատրոնի) և Կովկասյան բանակի սպայական ընկերության հանրախանութի նախագծերի մրցույթների առաջին մրցանակները: Նույն թվականին կառուցել է Աֆրիկյան եղբայրների քարվանսարայը (Արծրունիների կարավանատան վերակառուցում), 1904թ.` երկաթբետոնե հիմնակմախքով «Մանթաշյան առևտրաշարքը» (այժմ` կոշիկի ֆաբրիկա), Ալեքսանդր Մանթաշյանի առևտրային դպրոցը, 1905թ.` բնակելի շենքեր (Մանթաշյան եղբայրներ (1912-14թթ), Անանյանների, Վարդանյանների (1915թ.), գեներալ Աբելյանի, Ղարաքեշիշյանի, Քալանթարյանի (Քալանթարով) տները: 1924թ. հրավիրվել է Լենինական` նախագծելու և կառուցելու տեքստիլ կոմբինատի մանվածքային ֆաբրիկան: Նախաձեռնել և մինչև 1950թ. կառուցել է անհեծան, երկաթբետոնե ծածկերով մանվածքային և տեքստիլ ֆաբրիկաների մասնաշենքերը` օժանդակ կառույցներով, բնակելի տներով, վարակիչ հիվանդությունների հիվանդանոցը, «Հոկտեմբեր» կինոթատրոնը (1926թ.), մասնակցել Կենտրոնական հրապարակի հատակագծմանն ու կառուցապատմանը։ Մահացել է Երևանում: