Zark Foundation

Ղազար Այվազյան

Ղազար Այվազյան

Գրականագետ

5 սեպտեմբեր, 1913 - 6 փետրվար, 1998

Ծնվել է Սամարղանդում (այժմ` Ուզբեկստանում)։ 1929-32թթ աշխատել է «Ուզբեկիստանսկայա պրավդա», «Կարականդինսկայա կոմունա» և «Պրիբալխաշսկայա պրավդա» թերթերի խմբագրություններում` որպես գրական աշխատող և բաժնի վարիչ։ 1937թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1937-41թթ դասախոսել է Երևանի ռուսական ուսուցչական ինստիտուտում և համալսարանում։ 1941-43թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1943-47թթ եղել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի փոխտնօրենը, 1947-50թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանիանվան գրականության ինստիտուտի գիտական քարտուղարը։ 1950-71թթ եղել է Երևանի պետական համալսարանի ռուս գրականության ամբիոնի դոցենտ, 1971-78թթ` նույն ամբիոնի վարիչը։ 1965թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1978թ-ից աշխատել է Երևանի համալսարանի հայագիտական կենտրոնում` որպես ԽՍՀՄ ժողովրդների գրական կապերի ուսումնասիրության բաժնի վարիչ։ 1940թ. «Պոեզիայի ծագումը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Ռուսիայում հայերի բնակության տարեթվի մասին ըստ հայկական և ռուսական աղբյուրների» (1973թ.), «Տարոնի պատմությունը և 4-7-րդ դարերի հայ գրականությունը» (1976թ.), «Տարոնի հնագույն հնդիկների և Կիևի արևելյան սլավոնների հեթանոսական պանթեոնի մի զուգահեռի մասին» (1977թ.) գրքերը։ Կազմել է դասագրքեր, «Բրյուսովյան ընթերցումներ» ժողովածունները (7 հատոր), «Հովհաննես Թումանյանը և ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունը» (1968թ.), «Ռուս կլասիկ գրականությունը» (Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Տոլստոյ, Գորկի, 5 հատոր, 1968-78թթ)։ Դպրոցին և մանկավարժական գիտությանը մատուցած ծառայությունների համար 1973թ. պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով։ 1985թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Մահացել է Երևանում: