Արզուն Նորջուղայեցի
Ծնվել է Նոր Ջուղայում: Եղել է Ղուլ Էգազի ժամանակակիցն ու հետևորդը և վերջինիս հետ հիմնադրել է Նոր Ջուղայի աշուղական դպրոցը։ Սովորել է Նոր Ջուղայում։ Երկար ժամանակ ապրել է Կալկաթայում։ Նրա մասին տեղեկություններ և նրա հատուկենտ երգերը հրապարակվել են սկսած 1823թ-ից։ Երգերից մեզ է հասել խրատական, երգիծական, կրոնաբարոյական բնույթի 9 երգ։ Ուշագրավ են «Խրատ», «Դրիչ», «Սուտբարեկամ», «Խաղ ի վերա Կալկաթա» ստեղծագործությունները։ Գրել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով։ Կրոնաբարոյական բնույթի խաղերի լեզուն մոտ է նոր գրական հայերենին։ Գրականագետ-արվեսաաբան Ա.Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930թ.) գրքում զետեղել է նրա ութ երգը, Գ.Թարվերդյանը «Հայ աշուղներ» (1937թ.) ժողովածուում՝ բանավոր պահպանված մինչ այդ անտիպ մեկ երգը։ Գրականագետ Հ.Սահակյանը «Հայ աշուղներ» (1961թ.) գրքում ամփոփել է աշուղի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա հայտնի 9 երգից 7-ը։ Աշուղի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Մահացել է Նոր Ջուղայում: