Ղուկաս Միքայելյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նրա պապը եղել է ադրիանապոլսցի Ինճիճի Հաջի Միքայելը, իսկ հայրը՝ Ինճիճի Պողոս Միքայելյանը։ Մայրը՝ Տիրուհին, հիշատակվում է որպես պատմաբան Միքայել Չամչյանի քույրը։ Կրթությունն ստացել է Վենետիկի Սբ. Ղազար վանքում (1770թ-ից), որտեղ հետագայում աշակերտել է միաբանության առաջնորդ, արքեպիսկոպոս Ստեփանոս Ագոնց Քուվերին: 1774թ-ից եղել է Մխիթարյան միաբանության անդամ: 1786թ. վերջերին գնացել է Կ.Պոլիս, որտեղ մնացել է չորս տարի։ 1790թ. վերադարձել է Վենետիկ։ 1805թ. մարտի 14-ին բուժման և աշխարհագրական որոշ վայրեր աչքի անցկացնելու համար կրկին այցելել է Կ.Պոլիս։ 1828թ. սկզբներին Կ.Պոլսի կաթոլիկ հայերն Անկարայից աքսորվել են, նա էլ Կ.Պոլսում մնալը վտանգավոր համարելով՝ նույն տարվա մայիսին վերադարձել է Վենետիկ, որեղ մեկ տարի առաջ մահացած Գաբրիել Ավետիքյանի փոխարեն ընտրվել է միաբանության փոխառաջնորդ և պաշտոնավարել մինչ կյանքի վերջ։ Աշխատությունների մեծ մասը վերաբերում է աշխարհագրությանը: Մասնակցել է Ստեփանոս Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորի ստեղծման աշխատանքներին, որի՝ Ասիային նվիրված «Նոր Հայաստան» (1806թ.) հատորի հեղինակն է: Այդտեղ աշխարհագրական տեղեկություններ են տրված Փոքր Հայքի, Միջագետքի, Կիլիկիայի, Խաղտիքի, Ատրպատականի, Աղվանքի և այլ վայրերի մասին: «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822թ.) աշխատության մեջ հունահռոմեական և ասորական աղբյուրներից հավաքած փաստական հարուստ նյութերի հիման վրա տալիս է Մեծ Հայքի պատմա-աշխարհագրական պատկերը՝ նահանգների ու գավառների աշխարհագրական բնութագիրը, տեղանունների ստուգաբանությունը, տեղեկություններ ազգագրության վերաբերյալ, կատարում աշխարհագրական անունների տեղագրական ճշտումներ: «Հնախոսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (1835թ.) եռահատորը Միքայել Չամչյանի «Հայոց պատմութիւն»-ից հետո առաջին ծավալուն երկն է, որտեղ հեղինակը հանգամանորեն խոսում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և արվեստի, ազգագրության և մի շարք այլ հարցերի մասին: «Ամարանոց Բիւզանդեան» (1794թ.) չափածո աշխատության մեջ (որոշ հատվածներ թարգմանվել են ֆրանսերեն և իտալերեն) տրված է Բոսֆոր և Դարդանել նեղուցների աշխարհագրական բնութագիրը, նրանց «երկհարկանի» ջրային հոսանքների գիտական բացատրությունը, ինչպես նաև երկրաբանական մոտիկ անցյալի պատմությունը: Պատմությանն ու քաղաքական աշխարհագրությանը վերաբերող նրա ուսումնասիրություններն ամփոփված են «Դարապատում» ութ հատորանոց աշխատության մեջ (1824-27թթ), որտեղ տրված է պետությունների համառոտ պատմությունը 1750-1800թթ: Վերջին 2 հատորները նվիրված են գիտության և արվեստի զարգացման պատմությանը, մեծ մտածողների, արվեստագետների, եկեղեցական գործիչների կյանքին ու ստեղծագործությանը: 1800-02թթ հրատարակել է կրոնական, քաղաքական և բանասիրական «Տարեգրություն» (աշխարհաբար լեզվով), 1803-20թթ՝ «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքերը, որոնցում լուսաբանվել են աշխարհի քաղաքական իրադարձությունները, կրոնական, ուսումնական և գիտական հարցեր, եղանակի տեսություններ ու կանխագուշակումներ: Հիմնել է «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը (1812-19թթ): 1815թ. հրատարակվել է նրա «Ազգասեր» հրապարակախոսական աշխատությունը, որտեղ արծարծված հարցերը հարուցեցին թուրքական կառավարության կասկածը, որի պատճառով փակվեց «Արշարունյաց ընկերություն» գրական-հասարակական կազմակերպությունը և ընդհատվեց «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը: Ըմբռնելով գիտության և մշակույթի նշանակությունը հասարակության հոգևոր-բարոյական և սոցիալական կյանքում՝ դրականորեն է գնահատել և բացահայտել այն առաջադիմականը, որ կատարել են անցյալի նշանավոր մտածողները՝ անտիկ աշխարհից մինչև Ջ.Լոկը, Դ.Դիդրոն և ուրիշներ: Այսպիսի արժեքավորմամբ նա անուղղակիորեն նպաստել է հայ իրականության մեջ առաջադիմական գաղափարների տարածմանը: Սակայն, չկարողանալով վերջնականապես հաղթահարել եկեղեցու պաշտոնական գաղափարախոսությունը, միաժամանակ քննադատել է այդ մտածողների հակակրոնական, մատերիալիստական հայացքները և կաշկանդված է մնացել իդեալիստական պատկերացումներով: Մահացել է Վենետիկում: