Zark Foundation

Ղուկաս Վանանդեցի

Ղուկաս Վանանդեցի

Մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա

17-18-րդ դար

Ղուկաս Նուրիջանյան
Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանում) Վանանդ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա 1679-82թթ ուսումը շարունակել է Հռոմի Ուրբանյան վարժարանում։ 1690թ. Ամստերդամում միացել է իր ազգական տպագրիչ Մատթեոս Վանանդեցուն և գործուն մասնակցություն բերել հայկական տպարանի աշխատանքին։ 1706թ. տպարանի տնօրեն Թովմաս Վանանդեցու հետ մեկնել է Անգլիա նյութական միջոցներ հայթայթելու։ 1707թ. Օքսֆորդի համալսարանում ստացել է արվեստի մագիստրոսի գիտական աստիճան։ Թովմասի մահից (1708թ.) հետո եղել է Ամստերդամի տպարանի տնօրենը (մինչև փակվելը՝ 1717թ.)։ Կատարելով խմբագրական, գրաշարական, սրբագրական աշխատանքներ՝ լույս է ընծայել գրքեր, այդ թվում՝ «Համառօտ քերականութիւն» (1711թ.), Շարակնոց (1712թ.), Սաղմոսարան (1713թ., 1714թ.), Պարզատումար (1714թ.), «Կարճառօտ ժամագիրք» (1717թ.)։ Հեղինակել է փիլիսոփայական, կրոնական, աշխարհագրական, վաճառականական երկեր, դասագրքեր։ Դրանց մի մասը տպագրվել է Ամստերդամի հայկական տպարանում։ Տպագրվել են «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696թ.), որ հայկական առաջին տպագիր քարտեզի՝ «Համատարած աշխարհացոյց»-ի ուսումնական ուղեցույցն է, «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց...» (1698թ.) տոմարագրական աշխատությունը, «Գանձ․ Չափոյ՝ Կշռոյ՝ Թուոյ՝ և Դրամից բոլոր աշխարհի» (1699թ.), որ երրորդ աշխարհաբար գիրք է, նախատեսված վաճառականների համար, «Դուռն իմաստութեան» կամ «Ոսկեայ դուռն դպրատան» (1699թ.), դասագիրք է, «Բնաբանութիւն իմաստասիրական կամ Տարերաբանութիւն» (1702թ.) փիլիսոփայական, բնագիտական, օդերևութաբանական երկը (այս երկուսի հեղինակակիցն է Մաւոթեոս Վանանդեցին), «Համբոյր սրբութեան» (1704թ.) և այլն։ Նրա թարգմանական գործերից է «Յօգնադիմի աստուածաբանական բարոյական և քաղաքական իրողութեանց սահմանք» ժողովածուն (1704թ.)։ Գրել է նաև բանաստեղծություններ, որոնց մի մասը տեղ է գտել ամստերդամյան հրատարակություններում։ Նրա մոտ հայերեն է սովորել գերմանացի ականավոր արևելագետ Յոհան Շրյոդերը, ով իր հայագիտական (լատիներեն) նշանավոր երկը՝ «Արամհան լեզոփն գանձ»-ը, գրել և հրատարակել է Ղուկասի օգնությամբ։ Նրա բարեկամն է եղել և նրան այցելել է գերմանացի մեծ մտածող Գ.Լայբնիցը։ Հետևելով հին հունական փիլիսոփաներին, ընդունել է, որ մեզ շրջապատող առարկաները չորս տարրերի՝ հողի, ջրի, օդի և հրի տարբեր զուգակցություններ են։ Պատրաստել է հայկական աստղագիտական-գեոդեզիական գործիք՝ աստրոլաբ (պահպանվում է Բյուրականի աստղադիտարանում), որով որոշվում էին երկնային մարմինների կոորդինատները, համաստեղությունների դիրքը երկնոլորտում, Արեգակի դիրքը խավարածրի վրա, տեղի աշխարհագրական լայնությունը, օրվա ժամը, գիշերվա ու ցերեկվա տևողությունները, անմատչելի առարկաների բարձրությունն ու հեռավորությունը։