Zark Foundation

Ղևոնդ Հովնանյան

Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

28 հոկտեմբեր, 1817 - 21 մայիս, 1897

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է լեզվաբան, պատմաբան Պողոս Հովնանյանի եղբայրը: Սկզբնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի «Saint-Benoit» կաթոլիկական վարժարանում: 1835թ. մեկնել է Վիեննայի Մխիթարյանների մոտ ուսանելու: 1838թ-ից եղել է այդ միաբանության անդամ: Երկար տարիներ եղել է միաբանության տպարանապետ, ապա դասավանդել Կ.Պոլսի Մխիթարյան վարժարանում: 1868-70թթ իբրև թուրքերենի ասիստենտ պաշտոնավարել է Վիեննայի «Արևելյան ակադեմիայում»: 1847-63թթ եղել է «Եվրոպա» պարբերականի գործուն մասնակիցներից, 1887-90թթ՝ «Հանդես ամսօրյա»-ի առաջին խմբագրապետը: Խորապես ուսումնասիրել է գրաբարն ու աշխարհաբարը, տիրապեւոել հունարենին, լատիներենին, գերմաներենին, ֆրանսերենին, արաբերենին և ժամանակակից այլ լեզուների: Նրա երախայրիքը Հովսեփ Գաթըրճյանի և Մատաթիա Գարագաշյանի ընկերակցությամբ ֆրանսերենից Բոսյուեի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841թ.) և միայն իր՝ լատիներենից թարգմանած Կ.Նեպոտի «Վարք զօրավարաց անուանեաց» (1842թ.) աշխատություններն են, որոնք մինչև այժմ չեն կորցրել իրենց նշանակությունը՝ իբրև 5-րդ դարի առաջին թարգմանիչների «ոսկեդարյան» գրաբարի վերակենդանացման նմուշներ: Բանասիրության և մասնավորապես լեզվաբանության մեջ մեծ արժեք է ներկայացնում նրա «Հետազօտութիւնք նախնեաց, ռամկօրէնի վրայ» աշխատությունը (մաս 1, տետր 1 և 2, 1897թ.): Այստեղ հեղինակը հավաքել է հայ հին գրականության մեջ հանդիպող ռամկորեն (ժողովրդական լեզվով գրված) հատվածները, ապա՝ ուշ շրջանի (Ներսես Շնորհալու, Մխիթար Հերացու, Սմբատ Գունդստաբլի, Վարդան Այգեկցու, Մխիթար Գոշի և այլոց) երկերը և, մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա, առաջին թարգմանիչներից մինչև միջնադարի պատմիչները լեզուն բաժանել երկու շրջանի, նախնական գրաբարը համարելով «ռամկախառն գրաբար», իսկ ուշ շրջանինը՝ «գրաբարախառն ռամկորեն»: Ուշագրավ է աշխատության «Նախաշավիղը», որտեղ հեղինակը հիմնավոր փաստերով հաստատում է հայկական բարբառների գոյությունը 5-րդ դարում և դրանից առաջ, ապա եզրակացնում, որ գրաբարը մշակվել, բարձրացել է առօրյա խոսակցական լեզվից: Նրա այս աշխատության 2-րդ մասը, որ կոչվում է «Միջնադարեան ազգային տաղաչափութիւն ռամկախառն», մնացել է անտիպ: Նրանից մի քանի հատված տպագրվել է «Հանդես ամսօրյայի» էջերում: Մահացել է Վիեննայում: