Ղևոնդ Երեց, Ղևոնդ պատմիչ
Սովորել է Դվինի հայրապետանոցում։ Եղել է Կ.Պոլսում և իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640թ-ից առ 788թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703թ., 748թ., 762թ. և 774-775թթ արաբական լուծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Մեծ ուշադրություն է դարձրել նաև երկրի ներքին կյանքին, տվել է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Կողմնակից է եղել հայ Բագրատունիների զգուշավոր քաղաքականությանը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։ Պատմիչի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818թ.), ուստի ենթադրվում է, որ նա ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Նրա «Պատմության» տեքստը երկար ժամանակ համարվել է կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թվականներին։ Նրա երկը առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերեն (1856թ.), ապա տպագրվել նաև հայերեն բնագրով (1857թ.) և ռուսերեն (1862թ.)։