Թ.Կըկռիկյան
Ծնվել է Նիկոմիդիայում (այժմ՝ Իզմիթ, Թուրքիա)։ Կ.Պոլսում աշխատել է իբրև գրաշար։ 1846թ. տեղափոխվել է Փարիզ և հմտացել գրաձուլական և տպագրական գործում։ 1859թ. Փարիզում հիմնել է սեփական տպարան, որտեղ լույս է ընծայել շուրջ 20 անուն գիրք։ 1862թ-ից տպագրական գործը շարունակել է Մարսելում, 1864թ-ից՝ Կ.Պոլսում։ Եղել է Կ.Պոլսի արքունի տպարանի տեսուչ։ Տպագրել է Եզնիկ Կողբացու, Գրիգոր Նարեկացու, Միքայել Նալբանդյանի, Ծերենցի, Մինաս Չերազի, Պետրոս Դուրյանի, Գարեգին Սրվանձտյանի և ուրիշների երկերը, նաև Փարիզի «Մասյաց աղավնի», «Արևելք», «Արևմուտք», «Փարիզ» պարբերականները, դասագրքեր։ Հրատարակություններն ունեցել են տպագրական բարձր արվեստ։ Նա հռչակվել է իր ստեղծած նոր տառատեսակով (Արամյան)։ Բարեփոխության նպատակն էր ստեղծել ավելի գեղեցիկ, դյուրընթեռնելի, հեշտ շարվող տպատառեր։ Արամյան տառերը մեծ տարածում գտան և հիմք դարձան հայկական նոր տառատեսակների ստեղծման։ Իբրև հրապարակախոս հայտնի է դարձել 1864թ., «Պոլոժենիե»-ի շուրջ ծագած բանավեճին մասնակցելով, որտեղ պաշտպանել է այդ կանոնադրությունը։ Նրա անունով հայտնի է «Ընդունելութիւն ընծայի» (1856թ.) երգիծական երկը։ Հեղինակել է «Դասարան հայկազն մանկանց» դասագիրքը (1860թ.), «Համառօտ բսագրքակ հայերէն-տաճկերէն-գաղղիերէն» (1860թ.) և մի քանի այլ գրքույկներ՝ «Վաւերագիրք-խնդիր ազգային եկամտի» (1864թ.), «Ռուսիա և Ընդհանուր ժողով հայոց ի Կոստանդնուպոլիս» (1866թ.), «Դիտողութիւն ի վերայ Տեղեկագրի կաթողիկոսական Յանձնաժողովոյ» (1866թ.), «Զեյթունցիք ու լուսավորչական հայք» (1867թ.)։ Որպես գծանկարիչ, կատարել է «Դասարան հայկազն մանկանց» դասագրքի նկարազարդումների մի մասը («Հայկի պատերազմը», «Վահեի մահը», «Տիգրան Բ-ի պատերազմը հռոմեացիների դեմ», «Ավարայրի ճակատամարտը» և այլն)։ Մահացել է Կոստնադնուպոլսում: