Ծնվել է Ղրիմում: Սովորել է Հովհաննես Որոտնեցու բարձրագույն դպրոցում, ստացել վարդապետական աստիճան: Հոր մահից հետո վաճառել է նրա ողջ ունեցվածքը և այդ միջոցներով հովանավորել Սյունիքում բացված երկու դպրոց, որոնցից մեկը տնօրինել է Հովհաննես Որոտնեցին (Որոտնավանքում), մյուսը՝ Սարգիս Ապրակունեցի րաբունապետը (Ապրակունիս գյուղին մերձակա Սբ. Գևորգ վանքում): Այդ ուսումնական հաստատությունների նպատակն էր պայքարել կաթոլիկ եկեղեցու գործակալների՝ ունիթոռների (միարարների) դեմ, որոնք կաթոլիկություն տարածելու նպատակով հաստատվել էին Ապրակունիսի դիմաց, Երնջակ գետի ձախ ափին՝ Քռնա գյուղում: Նրանց գլխավորում էր Հովհաննես Քռնեցին: Պայքարի բուռն շրջանում 1380-ական թվականներին Հովհաննես Որոտնեցու դպրոցը տեղափոխվում է Ապրակունիս, իսկ Սարգիս Ապրակունեցու դպրոցը՝ Աստապատ գյուղ: Ղրիմեցին ոչ միայն հովանավորել է այդ դպրոցները, այլև դասավանդել այնտեղ: Տասնհինգամյա պայքարից հետո հակաունիթոռական շարժման ակտիվի մասնակից Ղրիմեցուն Ապրակունիս գյուղում (Նախիջևանում, այժմ՝ Ադրբեջանում) թունավորել է ունիթոռներից կաշառված իր սաներից մեկի մայրը: