Zark Foundation

Մանուել Քաջունի

Մանուել Քաջունի

Մանկավարժ

11 օգոստոս, 1823 - 1 դեկտեմբեր, 1903

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Վենետիկի Ռափայելյան վարժարանը: 1843թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Աշխատել է Կ.Պոլսի Մխիթարյան վարժարաններում որպես ուսուցիչ և տեսուչ: 1848-51թթ եղել է «Բազմավեպի» խմբագրի տեղակալը՝ բնական գիտությունների գծով, 1883թ-ից ղեկավարել է Մուրատ-Ռափայելյան վարժարանը։ 1903թ. ընտրվել է Վենետիկի միաբանության թագադիր աբբա։ Պարգևատրվել է իտալական Ասպետական խաչով (1897թ.)։ Նպաստել է հայկական վարժարաններում բնագիտական առարկաների դասավանդումը բարելավելու և գիտության պահանջներին համապատասխանեցնելու գործին։ Ստեղծել է մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի դասագրքեր: 1869-75թթ Սբ. Ղազար կղզում հիմնել է ֆիզիկայի ուսումնական լաբորատորիա։ Ժամանակի գիտական գիտելիքների յուրատեսակ հանրագիտարան է նրա «Արվեստաբանություն կամ շտեմարան գիտելեաց» գիրքը (1875թ.)։ Հեղինակել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի վերաբերյալ գիտահանրամատչելի աշխատություններ։ Նրա գլխավոր երկը «Բառգիրք արվեստից և գիտութեանց և գեղեցիկ դպրութեանց» պատկերազարդ հանրագիտական բառարանն է (հ.1-3, 1891-93թթ)։ Նրա «Հնախոսություն Հայաստանի» (1855թ.) և «Աշխարհագրություն հին և նոր Հայաստանի» (1857թ.) ուսումնական ձեռնարկները գրված են Ղ.Ինճիճյանի աշխատությունների հիման վրա։ Առաջարկել է քիմիական նյութերի անվանակարգման սեփական եղանակ, մշակել և շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հայերեն գիտական տերմիններ։ Մահացել է Կոստանդնուպոլսում, թաղվել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում: