Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Թատերական կրթությունն ստացել է Երևանի Վ.Միրզոյանի և Վիեննայի դրամատիկական ստուդիաներում: Բեմ է բարձրացել Երևանում, 1917թ.՝ Հովհաննես Զարիֆյանի խմբում: 1921թ. տեղափոխվել է Իրան, մասնակցել Մկրտիչ Թաշճյանի ներկայացումներին, ապա թատերական գործունեություն ծավալել Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում: Մարմնավորել է շուրջ 150 դեր: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար), «Պատվի համար» (Էլիզբարով), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո, Զիմզիմով), Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Ուրիել Ակոստա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո) և այլն: Հեղինակել է տասից ավելի պիեսներ՝ «Կոմիտաս», «Դերասանի ցնորքը» և այլն: Եղել է Թեհրանի «Հայ ակումբի» վարիչ, իրանահայ գրողների միության նախագահը: 1969թ. և 1971թ. Թեհրանում հրատարակվել են նրա «Երբ իջնում է վարագույրը» հուշերի գրքի 1-2 հատորները: Մահացել է Լոս Անջելեսում: