Ծնվել է 1990թ. օգոստոսի 3-ին, Վրաստանի Ախալքալակի շրջանի Մերենիա գյուղում: 2001թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալի, այնուհետև՝ տեսական բաժին: 2008թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական, իսկ երկրորդ տարվանից համատեղությամբ սովորել կոմպոզիցիայի բաժիններում: Ավարտելով խմբավարության և կոմպոզիցիայի բաժինները` ուսումը շարունակել է կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրայում: 2014թ. ավարտել է կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան՝ կոմպոզիտոր Լևոն Չաուշյանի դասարանը։ 2003թ. մասնակցել է «Արևային անձրև» մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին: Համերգային ելույթներով եղել է Վրաստանում, Ռուսաստանում, մենահամերգով հանդես է եկել Երևանում: 2012թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ժողովրդական երգիչ» նախագծին՝ արժանանալով 2-րդ մրցանակի: 2012թ-ից աշխատում է Հայաստանի պետական կամերային երգչախմբում որպես երգիչ և մենակատար: 2017թ. թողարկել է առաջին «Հեյ հոգի ջան» ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ դասական ստեղծագործություններ և երգեր: 2020թ. ստեղծել է երաժշտական ստուդիա։ Որպես մենակատար հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբում: