Zark Foundation

Մատենադարան

Մատենադարան

Մշակութային կենտրոն

Ստեղծվել է 1921թ., Երևանում՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23.000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300.000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 50.000 այցելու։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170թ. սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր, իսկ Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242թ. Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298թ. եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804թ., որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին։ Մատենադարանը վերաբացվել է 1840թ., երբ Արևելյան Հայաստանը մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ 1840թ. Մարի Բրոսսեի նախաբանով տպագրվել է ձեռագրերի առաջին ցանկը, որում ցուցակագրվել են 312 ձեռագրեր։ Մատյանների երկրորդ համառոտ ցանկը լույս է տեսել 1863թ.՝ «Մայր ցուցակ» վերնագրով։ Այս ձեռագրացուցակում ընդգրկված են 2340 ձեռագրեր։ 1914թ. Մատենադարանում պահվում էր շուրջ 4660 ձեռագիր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ձեռագրերը ժամանակավորապես տեղափոխվել են Մոսկվա։ 1915թ. փետրվարի 3-ին Էջմիածնից Մոսկվա է տեղափոխվել ձեռագրերի ամբողջ հավաքածուն։ Ձեռագրերը Հայաստան են վերադարձվել 1922թ. ապրիլի 5-ին։ Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915թ. պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։ Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։ Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի, Նոր Ջուղայի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի գրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 30.000 հայերեն ձեռագրեր։ 1939թ. Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան[2]։ 1920–1930-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից[11] ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։ 1945թ. ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957թ.։ 1959թ. մարտի 3-ին՝ ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 71 որոշմամբ Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք և վերածվել գիտահետազոտական կառույցի. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։ 1962թ. Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954թ-ից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը, որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն` կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։ 1965-70թթ 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984թ-ից՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ժ հատորները։ Լույս է ընծայվել «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսը։ 1959թ-ից Մատենադարանը հրատարակել է ավելի քան 400 անուն գիրք։ 1982-2007թթ Մատենադարանի տնօրենն է եղել Սեն Արևշատյանը, 2007-16թթ՝ Հրաչյա Թամրազյանը, 2018-23թթ՝ Վահան Տեր-Ղևոնդյանը։ Մատենադարանը գրանցված է 1997թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։ 2023թ-ից Մատենադարանը ղեկավարում է Արա Խզմալյանը: