Ծնվել է Կոստանդնուպոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Եղել է գրող, հրապարակախոս Սիրան Սեզանի եղբայրը: Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել է Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913թ.՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914թ. որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914թ. անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառներ՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-21թթ աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում` որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Եղել է արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչը։ Առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ 1921թ. Կ.Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922թ. լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956թ. Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963թ. Երևանում լույս է տեսել գրողի հատընտիրը, 1981թ. այն վերահրատրակվել է։ Մահացել է Կոստանդնուպոլսում։