Zark Foundation

Մատթեոս Ջուղայեցի

Մատթեոս Ջուղայեցի

Մատենագիր, գրիչ

23 հունիս, 1350 - 5 մայիս, 1411

Ծնվել է Հին Ջուղայում: Բարձրագույն կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն: 1393թ-ից մի քանի տարի առաջ եղել է Խաչենի շրջաններում, Աղթամարում։ Շրջագայել է Հայաստանում և Փոքր Ասիայում, եղել Կոստանդնուպոլսում և այլուր: Տիրապետել է մի քանի լեզուների։ Երիտասարդ տարիներին ոչ միայն ուսումնասիրել է հայ մատենագրությունը, այլև տիրապետել է արաբերեն գրավոր լեզվին, ուսումնասիրել է իսլամի կրոնական գրքերը, քաղվածքներ արել ու մեկնաբանել: 1391թ. Երնջակի Ապրակունյաց վանքում գրել է իր առաջին աշխատությունը՝ «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին»։ Գրիգոր Տաթևացուն աշակերտելուց 4-5 տարի անց սկսել է ինքնուրույն մեկնաբանել աշխատություններ։ 1392թ. լինելով Աղթամարում՝ վիճել է մի մուսուլմանի հետ, ինչի մասին պատմում է իր «Վասն հարցման անօրինաց․ զանազան պատասխանիք» խորագրում։ 14-րդ դարի 90-ական թվականներից արդեն ճանաչված վարդապետ է եղել Սյունիքում և Վասպուրականում։ Այդ տարիներին Լենկ Թեմուրի զորքերն ասպատակել են Հայաստանի նահանգներն ու շրջանները, գերեվարել բնակիչներին, ավերել գյուղերն ու քաղաքները։ Այս իրադարձությունների մասին նա գրել է 1395թ. Տաթևի վանքում։ Լենկ Թեմուրի զորքերը 13 տարի պաշարման մեջ են պահել Երնջակի բերդը, որտեղ գտնվում էր նաև Ջուղայեցին։ Այնտեղ նա գրել է Հակոբ Մծբնա հայրապետին նվիրված մի տաղ։ Հայտնի չէ, թե երբ է Ջուղայեցին դուրս եկել պաշարումից, սակայն հայտնի է, որ 1393թ. գտնվել էր Տանձափարախ անապատում, որտեղ գրել է «Վասն քարոզութեան բանի» աշխատությունը։ 1395թ. մշտապես հաստատվել է Տաթևում։ Շուտով ձեռք է բերել մեծ փորձ դասախոսական ոլորտում և մի քանի տարի անց դառել է Տաթևի համալսարանի գլխավոր վարդապետերից մեկը։ Սրա մասին 1402թ. վկայել է Թումա Սյունեցի գրիչն իր հիշատակարանում Ծար գավառի Քարավաճառ գյուղում։ Ըստ 1407թ. իր ինքնագիր հիշատակարաններից մեկի՝ Ջուղայեցին միաժամանակ վարել էր նաև Տաթևի վանքի վանահոր պաշտոնը։ 1407թ. ոմն Մըմբարաքշահի պատվերով նկարագրել է ժամանակի քաղաքական իրավիճակը մի ընդօրինակած ավետարանի վերջում։ Ստեղծագործելով շուրջ 3-4 տասնամյակ (1380-1410-ական թթ)՝ թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր (Գրիգոր Ծերենցի պատվերով), բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, Գրիգոր Տաթևացու թաղմանը արտասանած դամբանականը և այլն: Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով: Գաղափարական պայքար է մղել ունիթոոական շարժման դեմ՝ հայ եկեղեցու ազգային-դավանական անկախության համար: Նրա ստեղծագործություններն ունեն պատմաճանաչողական արժեք, հարուստ տեղեկություններ են պարունակում Լենկթեմուրի և կարա-կոյունլուների շրջանի Հայաստանի ներքին կյանքի, քաղաքական վիճակի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, դասային կառուցվածքի, քաղաքային ու գյուղական համայնքների, կենցաղի, զբաղմունքների, հարկատեսակների, արհեստավորական և գյուղատնտեսական աշխատանքների, միջնադարյան թատրոնի, ժամանակի բնական գիտությունների վերաբերյալ: Պահպանվել են նրա օրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր: