Zark Foundation

Մատթեոս Վանանդեցի

Մատթեոս Վանանդեցի

Մշակութային գործիչ, տպագրիչ

17-18-րդ դար

Մատթեոս Հովհաննիսյան
Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանում) Վանանդ գյուղում։ Եղել է Ամստերդամի հայկական երկրորդ տպագրության սկզբնավորողը, վարդապետ: Գողթնի Սբ. Խաչ վանքի եպիսկոպոս, մշակութային-լուսավորական գործիչ Թովմաս Վանանդեցի Նուրիջանյանը նրան՝ իր քեռորդուն տարել է Եվրոպա և 1670թ. (Լիվոռնոյում) հանձնել Ոսկան Երևանցու տնօրինությանը: Տպագրական գործ սովորելով, որպես գրաշար, Մարսելում 14 տարի անվճար աշխատել է Սբ. Էջմիածնի և Սբ. Սարգսի անվան տպարանում՝ մասնակցելով մոտ 20 անուն հայերեն գրքերի հրատարակությանը: 1683թ., երբ Մարսելում հայկական տպարանը փակվելու վտանգի տակ էր, Թովմաս Վանանդեցու հանձնարարությամբ գնացել է Ամստերդամ, հայկական տպատառեր պատվիրել հունգարացի ականավոր գրաձուլիչ վարպետ Նիկոլսա Քիշին, սարքավորել տպարան և 1685թ. հրատարակել Շարակնոց, 1686թ.՝ Ժամագիրք: Շուտով նրան են միացել իր ազգականներ Ղուկաս Վանանդեցին (1690թ.) ն. Միքայել Վանանդեցին (1696թ.): Տպարանում աշխատել է մինչև 1704թ.՝ տպագրելով մոտ 15 անուն գիրք (կամ մասնակցելով դրանց տպագրությանը), այդ թվում՝ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը (1-ին հրտ.՝ 1695թ.), հայերեն աոաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»-ը (1695թ.), Ղուկաս Վանանդեցու աշխատությունները՝ «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696թ.), «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց...» (1698թ.), «Գանձ չափոյ, կշռոյ...» (1699թ., աշխարհաբար) և այլն: Ղուկաս Վանանդեցու հեղինակությամբ գրել է «Ոսկեայ դուռն դպրատան» դասագիրքը (1699թ.), «Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն...» երկը (1702թ.), նրա հետ կազմել բնագիտական, աստղագիտական, պատմագիտական ու լեզվաբանական այլ երկեր (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Շարադրել է աստղագիտական-հողաչափական գործիքի (աստրոլաբ) օգտագործման կանոնները: