Zark Foundation

Մարգարիտա Ռուխկյան

Մարգարիտա Ռուխկյան

Երաժշտագետ

Ծնվել է 1937թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: Կինոգետ Կարեն Քալանթարի կինն է: 1957թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային դասարանը: 1957-62թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Գևորգ Տիգրանովի դասարանում: Պաշտպանել է «Էդվարդ Բաղդասարյանի դաշնամուրային պրելյուդները» խորագրով դիպլոմային աշխատանք: 1963-65թթ աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի երաժշտական խմբագրությունում` որպես խմբագիր: 1965-69թթ սովորել է Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում` ուսումնառությունն անցկացնելով Մոսկվայի արվեստագիտության համամիութենական ինստիտուտում` պրոֆեսոր Վ.Վասինա-Գրոսմանի ղեկավարությամբ: 1969թ-ից աշխատանքի է անցել Հայաստանի ԳԱ արվեստի ինստիտուտում` որպես երաժշտության բաժնի կրտսեր գիտաշխատող: 1971թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն («Հայկական սիմֆոնիայի կայացման և զարգացման որոշ հարցեր») և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1972թ-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1980թ. լույս է տեսել նրա առաջին «Հայկական սիմֆոնիա: Հետազոտական ակնարկներ» գիրքը, որի համար արժանացել է Բ.Ասաֆևի անվան համամիութենական երաժշտագիտական մրցույթի դափնեկրի կոչման (1983թ.): Երաժշտագետի գիտական հետաքրքրությունները կենտրոնացել են ազգային սիմֆոնիզմի, հատկապես` Ավետ Տերտերյանի ստեղծագործության հարցերի շուրջ: Հեղինակել է «Գորանի», «Արմեն Տիգրանյանի «Անուշի» առաջին բեմադրությունը», «Հայաստանի արվեստը» վավերագրական ֆիլմերը: Հեղինակել է Հայաստանում և արտասահմանում տպագրված բազմաթիվ գիտական հոդվածներ: 1986թ. ընտրվել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատողի պաշտոնում: 1994թ-ից Հայկական երաժշտական ասամբլեայի անդամ է: 2005թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Հայկական սիմֆոնիայի զարգացման արդի փուլը (Ավետ Տերտերյանի ստեղծագործության օրինակով)», և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան: 2007թ-ից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի, նաև գիտական խորհրդի և արվեստագիտության գծով գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի անդամ է, իսկ 2009թ-ից սփյուռքահայ արվեստի բաժնի առաջատար գիտաշխատող: 2008թ. պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ վաստակագրով: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: