Zark Foundation

Մարկոս Աղաբեկյան

Մարկոս Աղաբեկյան

Հրապարակագիր

26 ապրիլ, 1830 - 15 հուլիս, 1908

Ծնվել Է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր)։ Սկզբնական կրթությունն ստացել Է տեղի Մեսրոպյան վարժարանում, 1843-49թթ սովորել է Փարիզի Մուրատյան վարժարանում։ 1851թ. Մատթեոս Մամուրյանի հետ ծննդավայրում հիմնել է մասնավոր ուսումնարան։ 1860-63թթ Թիֆլիսում խմբագրել է «Կռունկ Հայոց աշխարհին» կովկասահայ առաջին ամսագիրը։ 1866-67թթ Կ.Պոլսում խմբագրել է «Ծիլն Ավարայրի» պարբերականը, հոդվածներ է տպագրել «Արևելյան մամուլ», «Լույս», «Բյուզանդիոն», «Ծաղիկ», «Լումա» հանդեսներում։ Իր հրատարակած ու խմբագրած պարբերականներում, ինչպես նաև առանձին աշխատություններում, նա արտահայտել է արևելահայ համքարությունների շահերը, պաշտպանել է 1860-ական թվականների հայ ազատագրական շարժումները։ Քննադատելով հայ եկեղեցու վարչական իրավունքները սահմանափակող ցարական «Պոլոժենիե»-ն՝ գտել է, որ այդ իրավունքները պետք է պաշտպանել «խաղաղ և օրինավոր» ճանապարհով։ Կողմնակից է եղել արևելահայ և արևմտահայ լեզուների «իրարամերձեցման» միջոցով միասնական լեզվի ստեղծմանը։ Թողել է «Տեղեկագիր Ամենայն հայոց կաթողիկոսության այժմյան վիճակի վրա» (1865թ.), «Հայ ժողովրդի պատմություն» ծավալուն աշխատության 2 հատորներ (ձեռագիր, Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) և այլն: Ֆրանսերենից թարգմանել է Ֆ.Գիզոյի «Քաղաքակրթության պատմություն»-ը։ Մահացել է Կոստանդնուպոլսում: