Ծնվել է Կրոպոտկինում՝ Կարսից գաղթած հայկական ընտանիքում: Եղել է հողարվեստի ուղղության հիմնադիր: 1930թ. ընտանիքը Կրոպոտկինից տեղափոխվել է Իրան, սկզբնական շրջանում բնակվել Թավրիզում, այնուհետև՝ Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է Իրանում: 1950թ. սովորել է Հռոմի Գեղեցիկ արվեստների ակադեմիայում: 1954թ. ակադեմիան ավարտելուց հետո վերադարձել է Իրան, բացել գեղագիտական պատկերասրահ: 1958թ. Իրանի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպել է Թեհրանում առաջին բիենալեն: Դասավանդել է գեղարվեստի ակադեմիայում: Մեթոդաբանական, հայեցակարգային առընչություններ ունենալով Նոր ռեալիզմի, ABC Art-ի, Նոր ալիքի, Ավանգարդի, անհնարին արվեստի հետ՝ նրա արվեստը ոչ արևմտյան, ոչ արևելյան և ոչ էլ էպիֆենոմեն է: 1993թ. Հայաստանին է նվիրել իր հավաքածուի զգալի մասը, որի հիման վրա Երևանում բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարան: Տարբեր երկրներում տարբեր քաղաքակրթություններ և տարբեր սերունդներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ (Իրանից` Նամի, Քալանթարի, Գերմանիայից՝ Անսելմո Քիֆր և այլք) իրենց համարել են Գրիգորյանի աշակերտներն ու հետևորդները: Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, բիենալեների աշխարհի մի շարք երկրներում: Նկարչի աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Ռոքֆելլեր կենտրոնի հավաքածուների կազմում, Հռոմի, Թեհրանի պատկերասրահներում և այլուր: 1994թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: Մահացել է Երևանում: