Zark Foundation

Մարկ Արյան

Մարկ Արյան

Երգիչ, երգահան, բանաստեղծ

14 նոյեմբեր, 1926 - 30 նոյեմբեր, 1985

Անրի Մարկարյան
Ծնվել է Ֆրանսիական Վալանս քաղաքում: Ինքնուրույն սովորել է սոլֆեջիո, դաշնամուր, հարմոնիա, իսկ վաղ հասակում նվագել է Բեթհովենի «Ապասիոնատան» և զարմացրել բոլորին: Զբաղվել է նաև պոեզիայով և գրել բանաստեղծություններ: 25 տարեկան հասակում հայրը նրան նշանակել է ընտանեկան զարգացող բիզնեսի կառավարիչ, որից հետո Վալանսում բացել է երաժշտական խանութ, որը մեծ հաջողություն է ունեցել և կարճ ժամանակահատվածում դարձել է երաժշտական սկավառակների խանութների ցանց: Մի քանի տարի անց, թողնելով սկավառակների վաճառքը, տեղափոխվել է Փարիզ, որտեղ հիմնել է սեփական ձայնագրման ստուդիան, անվանելով այն «Մալաթիա» և թողարկել սեփական «Մարկալ» ապրանքանիշով ձայնասկավառակներ: Մի քանի անհաջող փորձից հետո, որդեգրել է «Մարկ Արյան» կեղծանունը ու թողարկել նոր սկավառակ` «Արյանները և եվրոպական տղաները» երեք հազար օրինակից և ուղևորվել դեպի Բելգիայի Զեեբուրգ քաղաք: 1963թ. Բելգիայի բոլոր ակումբներում արդեն հնչում էին նրա երգերը, որոնք դարձել էին հիթեր: Նույն թվականին իր ապրանքանիշով պայմանագիր է կնքել խոշոր երաժշտական «Գրամոֆոն» ընկերության հետ: 1964թ. թողարկել է ևս երկու սկավառակ: «Եթե ես լինեի արքայի որդին» երգը Հոլանդիայում մեկ ամիս դարձել է համար առաջին հիթը և մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան տասներկու հազար սկավառակ: 1964թ. դուրս է եկել համաշխարհային երաժշտական շուկա և կնքել պայմանագրեր ավելի քան տասնհինգ երկրների հետ: Շրջագայությունների ժամանակ հավաքել է բազմահազար հանդիսականներով լեցուն դահլիճներ և մարզադաշտեր: Հյուրախաղերով եղել է Լիբանանում, Իրանում, Թուրքիայում, Բելգիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Կանադայում և այլուր: 1968թ. թողարկվել է նրա տասերորդ ձայնասկավառակը, որից հետո` ևս երկուսը: Երևանում հանդես է եկել մի քանի համերգով, որոնցից մեկը Հանրապետական մարզադաշտում` 30 հազար հանդիսականի առջև: Նույն թվականին թողարկվել է նրա հայերենով ձայնասկավառակը: Հետագայում Օհեյնի առանձնատան մոտ բացել է իր ձայնագրման երկրորդ ստուդիան, որը զինել է ամենավերջին տեխնիկայով: Նրա ստուդիայում ձայնագրվել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են` «Իգլս» խումբը, Էնթոնի Քուինը, Մարվին Գեյը և այլք: 1973թ. թողարկված և ռադիոյով արգելված սկավառակից հետո երգիչը դադարել է ակտիվ գործել: Այդ սկավառակը վաճառել է հանճարեղ մտահաղացմամբ` վրան կարմիր տառերով գրելով «արգելված է ռադիոյի կողմից»: 1977թ. վերադարձել է «Օպերացիա բաց սրտով» ձայնասկավառակով, իսկ 1978թ. թողարկել է «Քնքուշ տարիների երգերը» սկավառակը, սակայն ոչ մի համերգ չի տվել: 1980-ականներին շարունակել է ձայնագրել այլ երգիչների գործեր և թողարկել է իր վերջին սկավառակը` «Առագաստից այն կողմ»: 1985թ. հրավիրվել է Լոս Անջելես և տվել բազմաթիվ համերգներ, որոնց մասին գրել են սփյուռքահայ մամուլում: 1985թ. ձայնագրել է իր վերջին երգը` «Քո հաղթանակը» անվամբ: Մահացել է Բելգիայի Օհեյն քաղաքում: 1969թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է ֆիլմ` «Երգում է Մարկ Արյանը»: 2007թ. «Յունիվերսալ մյուզիք»-ի կողմից թողարկվել է նրա երգերի մի հավաքածու, մոտ քսան երգով, որտեղ նաև ընդգրկված է «Երևան» երգը: