Zark Foundation

Մարտին Գիլավյան

Մարտին Գիլավյան

Գրականագետ

10 փետրվար, 1947 - 11 ապրիլ, 2023

Ծնվել է ՀՀ Գորիս քաղաքում: 1969թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Վերապատրաստվել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում: 1982թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի («Ռուսական սիմվոլիզմը և արևելահայ պոեզիան»), 1995թ.՝ բանասիրական գիտությունների դոկտորի («Նորագույն շրջանի հայ պոեզիան») գիտական աստիճան (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1972թ-ից դասավանդել է ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնում, որտեղ 1995-2011թթ եղել է բանասիրական ֆակուլտետի դեկանը: 2005թ-ից եղել է ՀՊՄՀ «Հայագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրը: Անդամակցել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված խորհրդին: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ նորագույն և արդի շրջանների գրականությանը, հայ-ռուսական գրական կապերին: Հրատարակվել են նրա «Ժամանակը և պոեզիան» (1992թ.), «Պոեզիան և ժամանակի շարժումը» (2002թ.) մենագրությունները, «Քեզ հետ և առանց քեզ» (2003թ.) բանաստեղծությունների ժողովածուն, «Ռազմիկ Դավոյանի բանաստեղծական դիմանկարը» (2011թ.), «Տիպաբանական աղերսակցությունները հոգևոր մաքառումների բանաստեղծական արծարծումներում» (2012թ.), «Համո Սահյանը և 1960-ականների գրական շարժումը» (2012թ.), «Վ.Պետրոսյանը և 1960-70-ական թթ գրական-գեղարվեստական զարգացումները» (2014թ.), «Գոնսալո Գուարչ. «Հայկական տոհմածառը» (2015թ.), «Սերունդների հետ, սերունդների կողքին» (2015թ.) և այլ աշխատություններ: Արժանացել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության, «Ֆրիտյոֆ Նանսեն», «Մանկավարժական համալսարան» մեդալների, ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, Հայաստանի գրողների միության պատվոգրերի: Մահացել է Երևանում: