Zark Foundation

Մարտիրոս Ղրիմեցի

Մարտիրոս Ղրիմեցի

Եկեղեցական, պետական գործիչ, մատենագիր

6 հուլիս, 1620 - 25 օգոստոս, 1683

Մարտիրոս Կաֆացի
Ծնվել է Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա, Ղրիմ) քաղաքում, Գրիգորի և Խաթունի ընտանիքում: Սովորել է Կաֆայի Սբ. Նշան վանքում, ապա տեղափոխվել Թոխաթ և աշակերտել տաղասաց Ստեփանոս քահանա Թոխաթեցուն: Ուսումնառությունը շարունակել է Երուսաղեմի Սբ. Հակոբյան վանքում՝ Աստվածատուր Տարոնացու մոտ: 1659-60թթ եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1661-64թթ՝ Ղրիմի թեմի եպիսկոպոսը, 1680-83թթ՝ Երուսաղեմի պատրիարքը: Կարևոր դեր է խաղացել Եղիազարյան-Հակոբյան պայքարում (1664-80թթ): Եղիազար Ա Այնթափցին փորձում էր ստեղծել Էջմիածնին հակաթոռ կաթողիկոսություն, որի դեմ դուրս եկավ Էջմիածնի կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին: Ընդդիմադիր թևը, սակայն, փաստորեն ղեկավարում էր Ղրիմեցին, որին և հաջողվեց խանգարել իրականացնելու միասնական կաթողիկոսության տրոհումը: Թողել է մատենագիտական հարուստ ժառանգություն: Նրա գրչին են պատկանում «Կարգ և թիւ թագաւորաց ազգիս Հայոց» (1672թ.) չափածո ժամանակագրությունը, «Պաամութիւն Ղրիմայ յերկրի» (1672թ.), որ կարևոր աղբյուր է Ղրիմի հայ գաղութի պատմության համար, «Ողբ Երեմիա մարգարեին...» (17-րդ դարի 70-ական թթ) երկերը: 1672թ. չափածոյի է վերածել Հայսմավուրքը, գրել է ներբողներ, թվերի մասին չափածո վիճաբանություն («Յաղագս թուոց») և այլն: Նրան բնորոշ է եղել երգիծանքը: Եղել է վերարթնացման շրջանի առաջին տաղերգուներից, որ զավեշտին սոցիալական շեշտ է տվել: Նրա երգիծական ոտանավորների հերոսները ժամանակի եկեղեցական-քաղաքական գործիչներն են: Մահացել է Եգիպտոսում: